Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Այս տարվա ընթացքում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առավել շատ ուսումնասիրություններ իրականացրել է հյուրանոցներում, ռեստորաններում, հանրային սննդի կետերում, կաթնամթերքի արտադրություններում, հիվանդանոցներում, մանակապարտեզներում, մսամթերքի, ձկնամթերքի արտադրություններում և այլուր: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ծառայության ստուգումների տարեկան ծրագրից:
Ըստ ծրագրի, ծառայությունն իր առջև խնդիր է դրել իրականացնել մի քանի տասնյակի հասնող ռեստորանային ծառայությունների ուսումնասիրություն, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ Սյունիք, Արարատ: Միայն Բաղրամյան փողոցի վրա գտնվող տասը ռեստորան տարվա ընթացքում ստուգման է ենթարկվելու:
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2014 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել թվով 700 ստուգումներ, որոնցից` 490-ը բարձր ռիսկայնությամբ, 175-ը՝ միջին ռիսկայնությամբ և 35-ը՝ ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Թե ինչեր են պարզվել ուսումնասիրությունների արդյունքում Panorama.am-ը ծառայությունից կճշտի ու կհրապարակի առաջիկայում: