Մկրտիչ Մինասյան. Ձերբազատված չենք, որ մի օր նորանոր կառույցներ կաղավաղվեն
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ճակատագիրը շարունակում է մտահոգել մասնագետներին, ճարտարապետներին, սակայն նրանք հույս ունեն, որ կոնցեսիոների հետ միասին կարող են պահպանել շենքը: Լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Բազմաթիվ քննարկումներ են եղել: Կոնցեսիոներն էլ է գնահատում այդ շենքի կարևորությունը: Նրանց կողմից բարձրացվել էր էստակադան քանդելու հարցը, սակայն տեսնում են, որ եթե սկզբում մասնակի են քանդում շենքը, հետո ամբողջությամբ վերացնում են: Մենք առաջարկեցինք ներկայացնել մի ամբողջ փաթեթ, թե ինչպես պետք է հետագայում վարվեն շենքի հետ, ինչպես պետք է պահպանեն»,- ասաց նա:
Մ. Մինասյանի խոսքով, միգուցե շենքը չի բավարարում այսօրվա պահանջներին, բայց այն կարող են օգտագործել այլ ֆունկցիաներով, ինչպես լինում է բոլոր այլ քաղաքներում: Օրինակ` կարող է կատարել նույն ֆունկցիան, քիչ ծանրաբեռնվածությամբ, կամ այլ ֆունկցիա:
Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում այլ հուշարձանների քանդմանը կամ ձևախեղմանը, Ճարտարապետների միության նախագահը առանձնացրեց Հ. Աճառյան անվան դպրոցի շենքը:
«Այս դեպքում էլ սխեման նույնն է. եթե հանձնում են սեփականատիրոջը, մեկ ամիս անց ներկայացնում են մի նախագիծ, որտեղ ի սպառ վերանում է այն շենքը, որը պետության կողմից պահպանվող հուշարձան է»,- ասաց Մ. Մինասյանը:
Նշեց, որ պետք է հասնեն գոնե նրան, որ շենքի ճակատային հատվածը նախկին տեսքը ստանա. «Հուսադրում են, որ ճակատային մասը կվերականգնեն»:
Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ Ճարտարապետների միությունում քննարկում են ու մշակույթի նախարարությանն են ներկայացնելու մի քանի հուշարձանների ցանկ, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: Դրանցից են՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային շենքը, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, մետրոյի «Հանրապետական», «Երիտասարդական» կայանները:
«Ձերբազատված չենք, որ մի օր այդ կառույցները կաղավաղվեն»,- ասաց նա:
Մ. Մինասյանը նշեց, որ մշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող օրենքները շատ լավն են, ուղղակի խնդիրն այն է, որ այդ օրենքները չեն գործում: Նա համոզված է՝ եթե բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, Հայաստանում խնդիրներն ավելի քիչ կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան