«Զորակոչի ընթացքում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ». Սաքունց
«Զորակոչի ընթացքում զորակոչիկների բժշկական զննության իրականացման ժամանակ արդեն շարունակական բնույթ կրող համակարգային խնդիրները մտահոգիչ են, որոնք լուծում չեն ստանում՝ չնայած մեր պարբերական ահազանգերին: Գնահատում ենք, որ զորակոչի ընթացքում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, որոնց վերականգնման համար քաղաքացիներն իրավական հնարավորություններ չունեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով 2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ իրենց արձանագրված խախտումները:
Նրա խոսքով, չնայած պաշտպանության նախարարության կողմից բազմիցս նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զորակոչիկների բժշկական զննությունը պատշաճ իրականացնելու համար, սակայն զորակոչիկների, նրանց հարազատների դիմումների հիման վրա գալիս են եզրակացության, որ արմատական, բուն խնդիրները լուծում չեն ստանում:
Ա. Սաքունցի խոսքով, զորակոչի գործընթացը կարգավորող իրավական փաստաթուղթը՝ պաշտպանության նախարարի հրամանը, որով սահմանվում է բժշկական զննության կարգը, պիտանելիության աստիճանը, պետք է սահմանվի օրենքով, ոչ թե իրավական ակտով:
Ա. Սաքունցը նշեց մի քանի խնդիրներ ևս՝ բժշկական եզրակացության ակտի իրավական բողոքարկման մեխանիզմի բացակայությունը, զորակոչիկների բժշկական համալիր զննություն, ոչ թե հետազոտություն միայն գանգատների հիման վրա և այլն:
Ըստ նրա, երբեմն ծնողները հրաժարվում են բողոքարկել, երբ խնդիրների պարագայում երեխաներին ծառայության են ուղարկում. «Նրանք հրաժարվում են բողոքարկել, մտածելով, որ հնարավոր է ծառայության ժամանակ ճնշումներ գործադրել իրենց երեխաների նկատմամբ»:
Նաւ ընդգծեց, որ եթե կան բողոքներ, որոնք քննության ընթացքում են, անձը չպետք է զորակոչվի, իսկ պաշտպանության նախարարությունը գտնում է, որ բողոքները կարող են քննարկել նաև ծառայության ընթացքում:
«Առկա խնդիրների լուծումը հրատապ է: Քանի դեռ նման խնդիրներ կան, մենք համարում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են»,- ասաց Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասաց, որ այդ երկու զորակոչերի ընթացքում իրենց 26 հոգի է դիմել, որից 23-ի խնդիրը կապված է եղել առողջական խնդիրների, տրված բժշկական եզրակացության հետ անհամաձայնություններ ունենալու հետ: 3-ի դեպքում խնդիրները վերաբերել են տարկետում տալուն, կրթությունը շարունակելու համար ընթացակարգերին:
Ըստ նրա, ներկայացված դիմումներից 11-ի դեպքում անձանց խնդիրները բավարվել են բանավոր խորհրդատվությամբ, 15-ի դեպքում իրավական աջակցություն են ցույց տվել, պաշտպանության նախարարություն գրություններ են ուղարկվել: Արդյունքում՝ 1 հոգի ազատվել է ծառայությունից առողջական վիճակի հիմքով, 7-ի դեպքում տարկետում է տրվել՝ 6-ին առողջական վիճակի, 1-ին՝ կրթությանը շարունակելու հիմքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան