Հայաստանը բարելավել է կոռուպցիայի ընկալման համաթիվը մեկ նիշով. Վարուժան Հոկտանյան
«Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի 2014 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը 175 երկրների շարքում պահպանել է 94-րդ հորիզոնականը և ունի 37 համաթիվը՝ նախորդ տարվա 36-ի փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ Հայաստանը բարելավել է կոռուպցիայի ընկալման համաթիվը նախորդ տարվա համեմատ՝ մեկ նիշով:
Նշենք, որ երկրները գնահատվում են հարյուր միավորանոց համակարգով: Առավելագույն 100 միավոր գնահատվում է որպես կաշառակերությունից զուրկ երկիր, իսկ 0-ն` առավել կոռումպացված:
Վարուժան Հոկտանյանն ասաց, որ մեկ նիշով ավելացումը դեռ ուրախալի տենդենց չի համարում. «Այս փոփոխությունը պետք է լինի 4 և ավելի միավոր»:
Նրա խոսքերով՝ կոռումպացված լինելու գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական շահերի սերտաճումն է:
«Շատ երկրների փորձից կարող եմ ասել, որ երբ տնտեսական իրավիճակը կտրուկ վատանում է, կոռուպցիան նվազում է»,-նշեց Վ. Հոկտանյանը՝ օրինակ բերելով Սինգապուրը:
Բանախոսը տեղեկացրեց, որ Թուրքիան այս տարի զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը. «Թուրքիան նահանջել է 5 միավորով, իսկ Ադրբեջանը 126-րդ հորիզոնականում է՝ հավաքելով 29 միավոր, Ռուսաստանը` 27 բալով 136-րդ տեղում է, Վրաստանը 52 միավորով՝ 50–րդ»:
Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ ամենաքիչ կոռումպացված երկրներից են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում