«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր. Հանրային խորհուրդ
Այսօր Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա:
Ինչպես հայտնում են Հանրային խորհրդից, քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել առողջապահության փոխնախարարին: ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ:
Փոխնախարարը պարզաբանումներ է տվել, իր հերթին ներկայացրել ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու սպասվելիք արդյունքները: Միաժամանակ նա ընդունել է քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետներ ու առաջարկներ՝ խոստանալով դրանք ևս հաշվի առնել:
Քննարկելով ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները, համաշխարհային փորձն ու ներկա միտումները, կողմ ու դեմ տեսակետները՝ ներկաներն ընդգծել են հարցն առավել համակողմանիորեն և խորությամբ քննարկելու անհրաժեշտությունը:
Քանի որ նախագիծը խիստ կարևոր է և պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, որոշվել է Հանրային խորհրդում կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կներգրավվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան