«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ:
Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Հունվարի 11-ին փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ: Հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից հունվարի 21-ին զոհվել էր պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Նախորդող հրապարակումներ
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ