Իրանի ԱԳՆ.Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ուղիները
«Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ուղիները»,-այդ մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ճանապարհը, որից հետո նոր պետք է անցնենք մանրամասնությունների քննարկմանը»:
Շարունակելով խոսքը՝ Մարզիե Աֆխամը հավելել է. «Լոզանում Իրանի և Միացյալ նահանգների ԱԳ նախարարները, ինչպես նաև ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ու ԱՄՆ էներգետիկայի նախարարն ակտիվ հանդիպումներ են ունեցել. Տեխնիկական որոշ հարցերի շուրջ առաջընթաց արձանագրվել է, սակայն որոշ հարցերի շուրջ դեռ անհամաձայնություններ կան. Այժմ բանակցություններ են ընթանում պատժամիջոցների շուրջ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն է ձեռք բերել. Կողմերը միայն մեկ կարևոր խնդրի շուրջ անհամաձայնություն ունեն: