Ավետիսյանների ընտանիքի վերաբերյալ Փոստանջյանի նախաձեռնությունը ԱԺ-ում չընդունվեց
Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չընդունվեց. կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ հինգ հանրապետական պատգամավոր էլ ձեռնպահ էին, և նախագիծը չընդգրկվեց մարտի 23-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Փոստանջյանի հեղինակած հայտարարության նախագծում նշվում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք և համագործակցություն:
Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում:
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը,
ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում