Եմենից տարհանված 3 հայաստանցիներն արդեն Երևանում են. ՀՀ ԱԳՆ
Եմենում տեղի ունեցած հեղաշրջման ու այնուհետև շարունակվող զինված հակամարտության հետևանքով այդ երկրից տարհանվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Տարհանված քաղաքացիներն արդեն Երևանում են», -հավելեց խոսնակը:
Նշենք, որ մարտի վերջին Եմենում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան հարձակում էր գործել հուսի գրոհայինների և նախկին նախագահ Ալլա Աբդալա Սալեխայի համախոհների դեմ: Զինված հեղաշրջման հետևանքով երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին փախել էր երկրից:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ մտնում են Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Բահրեյնը, նրանց հետո միացել էին նաև Եգիպտոսը, Մարոկկոն, Հորդանանը, Սուդանը և Պակիստանը:
ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգման վարչությունը հայտարարել էր, որ մարտի 19-ից շարունակվող զինված պայքարի հետևանքով մահացել է 549 մարդ, որոնցից ավելի, քան 200-ը խաղաղ բնակիչներ են եղել:
Interfax-ի փոխանցմանբ, Եմենից այլ երկրների, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների էվակուացիան կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց