«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան
«Սովետական տարիներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնում էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև մի ձև էր, ոչ պաշտոնական, միասնություն արտահայտելու: Սովետական միությունում հանրային հավաքները, մասսայական միջոցառումները պլանավորված էին լինում, կազմակերպված, սակայն այդ մեկը՝ ապրիլի 24-ին ազգովի Ծիծեռնակաբերդ գնալը, ինքնաբուխ էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
Նա շարունակեց. «Երբ 1988 թվականին սկսվեց ղարաբաղյան շարժումը, տարբեր երկրներում ընկերներ ունեի, ովքեր զարմանում էին՝ թե ինչու հենց Հայաստանում սկսվեց այդ շարժումը, որովհետև շատ տեղերում նման հարցեր կային: Կարծում եմ՝ մենք արդեն որոշակի ձևով նախապատրաստված էինք ապրիլի 24-ով՝ իրար թիկունք, միասնական զգալու, հասկանալու, որ մենք որպես ժողովուրդ կարող ենք ինքնուրույն քայլերի դիմել, ոչ թե միայն անել այն, ինչը պարտադվում էր, թելադրվում էր վերևից: Սա շատ կարևոր էր»:
Արվեստագետի խոսքով, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալը, գոնե տարեկան մեկ անգամ ապացուցուցելն է՝ «մենք հայ ենք, ունենք մեր պատմությունը, կանք, կլինենք, որովհետև մենք զգում ենք, որ մենք կանք, ոչ թե մեզ թելադրված է զգալ կամ չզգալ, այլ որովհետև դա մեր ներքին պահանջն է»:
Պարոն Բաբայանը չհիշեց, թե երբ է առաջին անգամ գնացել Ծիծեռնակաբերդ, բայց շատ լավ հիշում է կառուցման ընթացքը. «Տատիկս ապրում էր Աջափնյակում, Ծիծեռնակաբերդին մոտ: Հաճախ էինք երեխաներով գնում: Շինարարության ողջ ընթացքին ականատես եմ եղել: Հիշում եմ նաև, երբ որոշվեց Մարզահամերգային համալիրը կառուցել, շատ մարդիկ, ճարտարապետներ բողոք բարձրացրեցին: Նրանք համարում էին, որ չի կարելի Ծիծեռնակաբերդի հարևանությամբ կառուցել Մարզահամերգային համալիր: Հուշարձանն ընկալվում էր սրբավայր, ուխտ գնալու վայր: Շատ բացասական վերաբերունք կար այն չինովնիկների նկատմամբ, ովքեր փորձում էին մեքենայով բարձրանալ այնտեղ: Միայն ու միայն ոտքով: Կարծում եմ՝ ապրիլի 24-ը՝ հուշարձան գնալը, ժամանակին ազգի համախմբման մեջ շատ մեծ դեր կատարեց»:
Նա նաև հիշեց, որ ապրիլի 24-ին դպրոցից չէին տանում, ոչ աշխատանքային օր էլ հայտարարված չէր, կամ փախնում էին դասից ու գնում հուշահամալիր, կամ էլ սպասում դասերի ավարտին:
«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալը միջոցառում չէր, սրտի, հոգու պահանջ էր: Ապրիլի 24-ին պետք է գնալ ընտանիքով, ոչ թե հիմնարկներով: Ընտանիքով, որովհետև մենք փորձում ենք հաղթահարել Ցեղասպանության հետևանքները՝ սերունդ տալով, հաստատելով, որ մենք կանք, ապրում ենք, ոչ թե կոլեկտիվներով»,- ասաց Ռ. Բաբայանը՝ հավելելով, որ կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է:
«Այստեղ նուրբ պետք է լինել, որ չդառնա միջոցառում: Սա վերաբերում է ոչ միայն ապրիլի 24-ին, նաև եկեղեցուն. ինչքան պետության հետ սերտաճած է, այդքան, կարծես, ավելի հեռու է մեզ պահում Աստծուց:
Սրանք բարդ խնդիրներ են, նման հարցերում պետք է շատ զգույշ լինել: Հաճախակի լինում է այնպես, որ ինչպես Աստվածաշնչում է ասված՝ դժոխքի ճանապարհը կառուցված է բարի ցանկություններում: Փորձել չկառուցել նման ճանապարհ»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները