Հակառակորդը ականը պայթեցրել է հեռակառավարման եղանակով, հայկական կողմը կորուստներ չունի. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին ապրիլի 22-ին տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Սակայն, ըստ աղբյուրի, իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
«Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը», նշված է ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: