ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները մեկշաբաթյա մարտերից հետո գրավել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը և մուտք գործել քաղաքի արժեքավոր ավերակներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԻԼԻՊ-ը վերահսկողություն է սահմանել նաև մոտակայքում գտնվող ռազմաօդային բազայի, բանտի և հետախուզական գրասենյակի նկատմամբ:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան: Ըստ կենտրոնի` մարտերի ընթացքում սպանվել է կառավարական բանակի ավելի քան 100 զինվոր:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը նույնպես հաստատել է այս լուրը` միաժամանակ նշելով, որ բանակը քաղաքի շրջակայքից տարհանել է բնակիչների մեծ մասին:
Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը հայտարարել է, որ Պալմիրայի հարյուրավոր արձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն հսկայական հուշարձանները անհնար էր տեղափոխել: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կարձագանքի այս վայրագությանը և կպաշտպանի այն ահաբեկիչներից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան իր խորը անհանգստությունն է հայտնել կատարվածի կապակցությամբ:
«Մարտերը վտանգի տակ են դնում Մերձավոր Արևելքի ամենանշանակալի վայրերից մեկը ու նրա բնակիչներին»,-ասվում է Բոկովայի հայտարարության մեջ:
Նշենք, որ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում են հայտնվել Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան