Բան Կի-Մուն. Միգրանտները վտանգում են իրենց կյանքը՝ փնտրելով առավել լավ հնարավորություններ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթով ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Գլխավոր քարտուղարն իր ուղերձում ասաց, որ Եվրոպայի խորհուրդը ամենաարդյունավետ գործող կառույցներից է, որը համախմբում է Եվրոպան, պայքարում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, մամուլի ազատության համար։
Չնայած այս ամենին, գլխավոր քարտուղարը նշեց, որ ավելի քան 50 երկրներում, այդ թվում նաև Եվրոպայում, ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են ազատությունները։
«Ժողովրդավարությունը աճում է, սակայն որոշ երկրներում այն հետընթաց է գրանցում, մամուլի ազատությունը հարձակման է ենթարկվում և մենք պետք է խոսենք այս մասին»,-ասաց Բան Կի-Մունը։
Գլխավոր քարտուղարի ուղերձի կարևորագույն կետերից էր միգրանտների խնդիրը, հատկապես Միջերկրական ծովով դեպի Եվրոպա հասնել ցանկացող միգրանտների հարցը. «Միգրանտները վտանգում են իրենց կյանքը՝ փնտրելով առավել լավ հնարավորություններ իրենց և իրենց երեխաների համար։ Մենք պետք է մերժենք հակամիգրացիոն հռետորաբանությունը։ Եվրոպան պետք է համաշխարհային համերաշխության առաջատարը լինի»։
Բան Կի-Մունն անդրադարձավ նաև Ուկրաինայի խնդիրին՝ նշելով, որ 1 տարվա ընթացքում Ուկրաինայում մահացել է 6000 մարդ և կոչ արեց կողմերին՝ կատարել Մինսկի համաձայնագիրը։