Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Արցախ եկած ռուս գործարար Գերման Ստերլիգովի անցյալն այսօր շատերին է հետաքրքրում՝ ո՞վ է եղել, ի՞նչ է արել: Ստերլիգովի կինը փաստորեն գիրք ունի, որտեղ մանրամասն ներկայացվում է, ինչպես հանդիպեցին, սիրահարվեցին, ամուսնացան, երեխաներ ունեցան, լրագրողների հետ հանդիպեցին, Գերմանը ձերբակալվեց, նաև այն մասին թե ինչքան հաճախ են տեղափոխվել տեղից տեղ, իրենք բնակության վայրը թաքուն պահելու համար…
«Ամուսինս շատ էր անհանգստանում իմ ու երեխաների համար, այդ պատճառով մեզ միշտ թիկնապահներ էին ուղեկցում: Իսկ նա առանց թիկնապահների էր շրջում»,-գրքում գրել է կինը:
Կինը հիշում է, երբ Գերմանն արդեն միլիոնատեր էր, մտնում է ԱՄՆ դեսպանատուն: Նրան անձամբ ընդունում է հյուպատոսն ու իր ձեռքով սուրճ հյուրասիրում. «Քանի դեռ նրանք սրճում էին, աշխատակիցը վերցրեց անձնագիրն ու երեք refused-ից հետո հինգ րոպեում դրեց երկարաժամկետ վիզան: Հենց այդ ժամանակ հասկացա, որ օրենքներն, իհարկե կան, սակայն դրանք գրված են ոչ բոլորի համար»:
Ինչ վերաբերում է գործարար Ստերլիգովին, ապա կինը գրում է, որ նա գրասենյակներ ունի Լոնդոնում, Նյու Յորքում, Վաշինգտոնում. «Եթե նա մի համոզմունք է ունենում, սկսում է գործել, ռիսկերից չի վախենում, երևի դրա համար նրա մոտ կյանքում ամեն բան ստացվում է: Իմ կարծիքով, մարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում քիչ բանի է հասնում, քանի որ նրանք վախենում են ինչ-որ բան փոխել և որոշում կայացնել: Նրանց գլխին դամոկլյան թրի նման կախված է հարցը՝ «իսկ եթե ավելի վատ լինի՞»: Գերմանի մոտ նման բան չկա, նա վախենում է չփորձելուց: Փող կորցնելը երբեք նրան չի վախեցրել… Նա երբեք չի հանգստանում: Անընդհատ ինչ-որ բաներ է մտածում ու ցանկանում դրանք իրականացնել: Գերմանի համար փողը նախ և առաջ գործիք է, ոչ թե դրա քանակությունից հաճույք ստանալու բան: Նա իր բնույթով աշխատասեր է, չի կարող ոչինչ չանել, դրա համար մենք երբեք հանգստի չենք մեկնել, օրինակ գնանք լողալու և արևի տակ պառկելու: Գերմանն աշխարհով մեկ շատ է շրջել, բայց գործի բերումով, երեխաներին էլ սովորեցնում է ժամանակը պարապ չանցկացնել: Ամուսնուս համար ցավալի բան է, անիմաստ ժամանակ անցկացնել, նա միշտ վախենում է ինչ-որ բան չհասցնել: Դրա համար նա շատ է սիրում առավոտը»,-գրել է կինը:
Ի դեպ, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, տված հարցազրույցում Ալյոնա Ստերլիգովան խոսել է Ղարաբաղ իրենց այցի պատճառների մասին. «Ու՞ր կարող էր Գերմանը մեզ տանել, որը կհամապատասխաներ մեր հայացքներին: Եվրոպա՞, որտեղ այլասերում է, Վրաստա՞ն, որտեղ արդեն երկու անգամ գեյերի շքերթ է անցկացվել: Այստեղ բոլոր բնակիչները փորձում են մեզ օգնել»:
Կինն ասել է, որ ամուսինն Արցախ գալու որոշումը հանկարծակի է ընդունել, երբ Բելառուսում էին. «Ես կարող եմ ասել, որ առայժմ չենք վերադառնա Ռուսաստան»:
Ստերլիգովի մասին այլ հրապարակումներ՝
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)