«Հեղինակային իրավունքի պահպանումն անհատական հսկողության խնդիր է». մեդիա փորձագետ
Ինտերնետի զարգացումն իր հետ ահռելի մարտահրավերներ է բերել. մի կողմից ապատեղեկատվություն, տեղեկատվական աղբ, մանիպուլյացիաներ, մյուս կողմից հեղինակային իրավունքի խախտումների, գրագողության հնարավորություններ: «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի կողմից կազմակերպված «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը և հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը:
Խոսելով մասնավորապես հեղինակային իրավունքի խախտումների, գրագողության մասին, նա նշեց. «Հեղինակային իրավունքը պահպանվում է օրենքով, կիրառվում են նաև ինքնակարգավորման մեխանիզմներ, սակայն հեղինակային իրավունքի պահպանումն ամեն դեպքում անհատական հսկողության խնդիր է»:
Ըստ փորձագետի, չի կարող լինել մի մարմին, որ վերահսկի հեղինակային իրավունքի պահպանումը, այլ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է կարողանա հսկել. «Ոչ ոք քո փոխարեն չի վերահսկելու»:
Նա խոսեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքից, կարևորեց դաշտի ինքնակարգավորումը՝ նկատի ունենալով «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան էջը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ, խոսքը շատ լուրջ տուժում է, երբ մեջտեղ է գալիս գրագողությունը:
Քննարկմանը ներկա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը որպես խնդրի լուծման ճանապարհ է տեսնում դատական գործերի ավելացումը: Նշվեց, որ այս խնդրով երեք դատական գործ է եղել:
Փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ դատարաններում քիչ են հեղինակային իրավունքի խախտումների մասին գործերը: Ըստ նրա, եթե շատ դատական ակտեր ունենային, այս ոլորտը կզարգանա:
«Հեղինային իրավունքի ոլորտը թույլ է զագացած, որովհետև դատարաններում աշխուժություն չկա, դատական պրակտիկա չկա, մարդիկ չեն դիմում»,- ասաց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի