ՆԱՏՕ-ն պայմանավորվել է ռազմական տեխնիկան և սարքավորումները Աֆղանստանից դուրս բերելու հարցում
Հյուսիս-ատլանտյան դաշինքը պայմանագիր է կնքել Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ Աֆղանստանից ռազմական տեխնիկայի ու սարքավորումների դուրսբերման ժամանակ այդ երկրների տարածքները օգտագործելու վերաբերյալ: «ԲիԲիՍի» հեռուստաընկերության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Հաղորդագրության համաձայն, միջինասիական այդ երեք պետությունների հետ նման համաձայնագրի կնքումը կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի տեխնիկայի դուրսբերումը Պակիստանի տարածքով ավելի վաղ արգելափակվել էր Իսլամաբադի կողմից:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև հարաբերությունները լարված են մնում այդ պետության տարածքում ամերիկյան անօդաչուների հաճախակի դարձած ռմբակոծությունների պատճառով: Ամերիկյան կողմը պնդում է, թե հարվածները նպատակ ունեն ոչնչացնելու «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին, մինչդեռ Պակիստանը մեղադրում է ԱՄՆ-ին իր ինքնիշխանությունը ոտնահարելու և առանց համապատասխան թույլտվության գործողություններ իրականացնելու համար: