ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ. Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է:
Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը մասնավորապես նշել է. «Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից մեկը Իսրայելի հարձակման դեմ պայքարելն է. այդ առումով է, որ Իրանն ու Սիրիան ունեն ընդհանուր նպատակ»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը մասնավորապես նշել էր. «Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»:
Այդ առնչությամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Սեյյեդ Յահյա Սաֆավին օրերս հայտարարել էր, որ Իրանը Սիրիայի և Լիբանանի հետ ունի ռազմավարական խորը հարաբերություններ: