Ալիևը ճանաչվել է «Տարվա մարդ» կոռումպացվածության առումով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջին գործիչն է, ով «Կազմակերպված հանցավորության և կոռումպացվածության առումով տարվա մարդ» կոչմանն է արժանացել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project - OCCRP), տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նախագիծը իր կայքէջում փոխանցում է, որ «Տարվա մարդ» կոչումը շնորհում է իր գործունեության տարածաշրջանի այն գործչին, որը առավել աչքի է ընկել հանցավորության և կոռուպցիայի վերաբերյալ 2012 թվականի հաղորդումներում։ Ալիևը ընտրվել է այս տարի արված նոր բացահայտումների շնորհիվ, որոնք առնչվում են նրա ընտանիքի խոշոր, հաճախ՝ կառավարության օգնությամբ ձեռք բերված մասնաբաժիններին շահութաբեր բիզնեսներում, այդ թվում՝ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և շինարարության բնագավառներում։
OCCRP-ն իր հաղորդագրությունում նշում է, որ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների դիվանագիտական նամակագրությունում համեմատվում է մաֆիոզ խմբավորումների պարագլուխների հետ, շատ վերլուծաբանները նրան բռնապետ են որակում։
«Այս տարի, OCCRP-ի և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննական հաղորդումները առաջին անգամ բացահայտեցին ծանրակշիռ փաստեր, որոնք վկայում են, որ նրա ընտանիքը գաղտնի մասնաբաժիններ ունի երկրի խոշորագույն բիզնեսներում, այդ թվում՝ բանկերում, շինարարական ընկերություններում, ոսկու հանքերում և հեռախոսակապի ընկերություններում», - ասված է հաղորդագրությունում։
«Տարվա մարդու» ընտրությանը մասնակցել են նախագծում ընդգրկված 60 լրագրողներ և 15 լրատվամիջոցներ։ Հավակնորդների թվում էին նաև նարկոբարոն Նեսեր Քելմենդին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«2012-ը աննախադեպ տարի էր կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանողների համար», - հայտարարել է OCCRP-ի խմբագիր Դրյու Սալիվանը՝ շարունակելով. - «Դա աճող արդյունաբերություն է ամբողջ աշխարհում, և մենք մեծ աշխատանք ենք ակնկալում նաև եկող տարի»։
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը տեղակայված է Սարաևոյում և Բուխարեստում։ Այն միավորում է անկախ հետաքննական կենտրոնների, լրատվամիջոցների և լրագրողների երկու տասնյակ երկրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները