«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ձայներ է գնել (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանի համար ձայներ են գնվել բոլոր երկրներում: Այդ մասին հետաքննություն իրականացրած լիտվացի լրագրողներին պատմել են անձամբ «գնորդները»: Ինչպես հայտնում է «15min.lt» կայքը, գործընթացը սկսվել է շաբաթ առավոտյան, երբ խմբագրություն են դիմել ուսանողներ, ովքեր պատմել են, որ Վիլնյուսի Սպիտակ կամրջի հարևանությամբ իրենց են մոտեցել ռուսախոս տղամարդիկ և առաջարկել գումար վաստակել:
«Աշխատանքը դժվար չէր: Հարկավոր էր երեկոյան հնարավորինս շատ ձայներ տալ նշված մասնակցի օգտին, ինչի համար կարող էին վաստակել 20 եվրո: Միևնույն ժամանակ ձայների գնորդները խոստացել են ապահովել ցանկացողներին նաև նախօրոք լիցքավորված սիմ քարտերով»,-նշված է նյութում: Ուսանողները պատմել են այդ պատմությունը «15min.lt»-ի խմբագրությանը՝ միևնույն ժամանակ զայրանալով, որ հենց այսպես է Ռուսաստանը Լիտվայում իր ազդեցությունը պահպանում: Լիտվան, իրոք, վերջին տարիներում Ռուսաստանին բարձր ձայներ է տվել:
«15min.lt» կայքերի լրագրողները, ներկայանալով որպես շարքային քաղաքացիներ, գնացել են գնորդների հետ հանդիպման՝ զինվելով թաքնված տեսախցիկներով ու ձայնագրիչներով: Արդեն հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ ուսանողները շփոթել են երկրները. ձայները գնվել են ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի համար: «15min.lt» պատմում է, որ գնորդները առանց ուշացման ժամանել են նշված վայր: Տասը րոպեների ընթացքում նրանք ներկայացրել են ամբողջ համակարգը՝ պարծենալով, որ այդ ամենը իրականացվում է գրեթե բոլոր երկրներում, քանզի հակառակ դեպքում մրցույթն արդեն վաղուց ոչ ոք չի հաղթում:
«Խմբերը պետք է քաղաքի տարբեր անկյուններում լինեն, որպեսզի օպերատորների մոտ կասկած չառաջանա, որ գնում է զանգվածային քվեարկություն միևնույն մասնակցի օգտին նույն վայրից»,- պատմել են գնորդները:
Սերգեյ անունով տղամարդը նշել է, որ իրենց խնդիրն է հավաքել 10 հոգուց բաղկացած հնարավորինս շատ խմբեր: Խմբերը պետք է լինեն քաղաքի տարբեր անկյուններում: 10 հոգուց յուրաքանչյուրը պետք է ունենա հինգ հեռախոս: Գումար վաստակել ցանկացողներին տրվում են լիցքավորված քարտեր: Քվեարկության ընթացքում նրանք պետք է քվեարկեն հնարավորինս շատ:
Գնորդները նշել են, որ իրենք արդեն իսկ հավաքել են 8-10 նման խմբեր: «Ամենայն հավանականությամբ, խոսքն այն մասին է եղել, որ իրենց նմանները Լիտվայում բավականին շատ են: Ամեն մի խմբում պարտադիր մեկ վերահսկող է աշխատում, ով էլ, արդյունքների վրա հիմնվելով, վճարում է աշխատանքի դիմաց. պարզապես ստուգում է ուղարկված հաղորդագրությունների քանակը և վճարում»,- նշվում է նյութում:
Լրագրողների խնդրանքին՝ ապացուցել, որ իրենց չեն խաբում և կվճարեն, գնորդը ինքնավստահ կերպով հանել է 500 եվրոյով հաստ կապոց՝ հավելելով, որ կարող են նաև լիտայով վճարել:
Նշվում է, որ այդ ամենն արդեն մշակվել է կիսաեզրափակչի ժամանակ, երբ նրանց ղեկավարությամբ աշխատել են 3 խումբ: Տղամարդը պատմել է, որ այդպես Ադրբեջանի համար աշխատում են 15 երկրներում, այլ կերպ հնարավոր չի լինի հաղթել մրցույթը: Այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչքան գումար է հարկավոր մրցույթը հաղթելու համար, նա հակիրճ է պատասխանել. միլիոններ:
Լրագրողները հրապարակել են նաև գնորդների հետ հանդիպման տեսանյութը:
Արդյունքում «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Լիտվան Ադրբեջանին 12 միավոր է շնորհել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են