Ռուսաստանում աշխատող օտարերկրացի վարորդներին ռուսական վարորդական վկայական է պարտադրվելու
Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրինագիծ է մշակում, համաձայն որի՝ այդ երկրի տարածքում աշխատող արտերկրացի վարորդներին պարտադրվելու է ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալ:
Այս մասին, «ՌԲԿ» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Բրյաչակը:
Վերջինիս խոսքով՝ օրինագիծն այժմ փորձաքննություն է անցնում գլխադասային հանձնաժողովում:
«Այն արտասահմանցիները, ովքեր աշխատում են Ռուսաստանի տարածքում՝ վարորդական իրավունքի ազգային վկայականներով, ստիպված կլինեն կես տարվա ընթացքում անցնել անհրաժեշտ դասընթացներ, քննություն հանձնել և ստանալ ռուսական վարորդական վկայական», - պարզաբանել է պատգամավորը:
Նշվում է, որ օրինագիծը ներկայացվելու է Պետդումա մոտ օրերին և քննարկման է դրվելու օրենսդիր մարմնի աշնանային նստաշրջանում:
Բրյաչակի խոսքով՝ օրինագծի հրատապ մշակման պատճառը շաբաթ օրը Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր տրանսպորտային վթարն է: Նշենք, Ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել էր 18 մարդ, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարի մեղավոր բեռնատարի վարորդն եղել է ՀՀ քաղաքացի՝ 46-ամյա է Հրաչյա Հարությունյանը: Հայտնի էր դարձել, որ Հարությունյանն ՌԴ-ում աշխատել է Հայաստանում ստացած վարորդական վկայականով: