Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
Մարտի 21-ին` առավոտյան ժամը 5:00-ին, Սիրիայում իսլամիստները Թուրքիայի սահմանի երեք տարբեր կետից հարձակվեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող, հայաբնակ Քեսաբի վրա: Անվտանգության նկատառումներով` կառավարությունը տարհանեց քաղաքի բնակչությանը, որոնց թվում կային մեծ թվով հայեր, ընդհանուր առմամբ 600 ընտանիք: Նրանք տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել Ս.Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Ազգային կառույցներում:
Al-Jazeera արբանյակային հեռուստակայանը հեռարձակել է հարցազրույց Քեսաբի վրա հարձակում իրականացրած խմբավորումներից մեկի հրամանատարի հետ, ով ազգությամբ չեչեն է, և հայտնի է Ալ Չիչանի մականունով:
Նրա խոսքով, իրենք «ընդդիմադիր ուժեր են», եկել են Լաթաքիայում բարձրացնելու «Չկա Աստված բացի Ալլահից» գրությամբ պաստառը և «տարբեր կրոնների մարդկանց և ուղղություններին»` փոքրամասնություններին հասցնելու այն ուղերձը, թե իրենք ինչ են պարտավոր անել Լաթաքիայի ազատագրումից հետո: