
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Մարտի 27-ի երեկոյան ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ին: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ:
Ֆելթմանը Վեհափառին հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված անկայուն վիճակով` ավելացնելով, որ ինքն այդ կապակցությամբ հանդիպումներ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի, ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ:
Վեհափառ Հայրապետը իր հերթին Ֆելթմանին ներկայացրել է Քեսաբում տիրող վիճակը` շեշտելով դրանում թուրքական գործոնի առկայությունը: Նորին Սրբությունն առաջարկել է ՄԱԿ-ում քննարկել Քեսաբի շրջանը զինաթափելու հարցը: Ֆելթմանը խոստացել է այդ ուղղությամբ անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել Լախդար Բրահիմիի հետ: