Եվրոպական խորհրդարանում քննարկվեց Ադրբեջանին խիստ քննադատող բանաձևը
Այսօր Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում քննարկվեց «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության Եվրամիության տարեկան զեկույցը»։ Այս քննարկման տակ առանձնացված են Ադրբեջանում, Բուրունդիում և Բանգլադեշում մարդու իրավունքների և ժողովրդավարության վատ վիճակը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների առաջարկած բանաձևերի նախագծերի հիման վրա խորհդարանը կազմել է Ադրբեջանին խիստ քննադատող բանաձևը, որը կոչվում է «Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ»։
Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի» ներկայացրած բանաձևում անդրադարձ կա նաև Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանին, ով ձերբակալվել էր Ադրբեջանի ոստիկանության կողմից շփման գծում, խոշտանգվել և սպանվել կալանքի տակ։
«Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի» առաջարկված բանաձևի նախագծում Ադրբեջանից պահանջում էին Կարեն Պետրոսյանի սպանության մեջ մեղավորներին գտնել և կանգնեցնել արդարադատության առաջ։
Ադրբեջանի վերաբերյալ խիստ քննադատական բանաձևի նախագծում խորհրդարանն ընդգծում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը վատթարացել է, կառավարության կողմից ռեպրեսիաները սրվել են, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ են տեղի ունենում վերջին ամիսներին։
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը թիրախ է ընտրել երկրում ամենահայտնի իրավապաշտպաներին, որոնց ձերբակալում է քաղաքական շարժառիթներով, որի օրինակներ են Լեյլա Յունուսը, Արիֆ Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը, Անար Մամադլին։ Մի շարք լրագրողների, իրավապաշտպանների առաջադրվել են մեղադրանքներ, ներառյալ Հասան Հուսեյնլիին, Ռաուֆ Միրկադիրովին, Էմին Հուսեյնովին։
Ինչպես ասվում է բանաձևի նախագծում, չնայած ՄԻԵԴ-ի բազմաթիվ որոշումներին, այդ թվում Իլգար Մամադովի գործին, ըստ որի դատարանը որոշեց, որ Մամադովի դատապարտումը եղել է քաղաքական դրդապատճառներով, Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել նրան։ Ադրբեջանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է ամբողջությամբ հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները, հիմնարար ազատությունները։ Խստորեն դատապարտում են Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի, Հասան Հուսեյնլիի ձերբակալումը և պահանջում նրանց անհապաղ ազատ արձակումը։ Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ընդդիմադիրներին, լրագրողներին, ՀԿ-ներին ուղղված սպառնալիքները։
Դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են սանձելու Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության, երիտասարդական ակտիվիստների և մտավորականների շփումները, քանի որ այս շփումները կարևորագույն նշանակություն ունեն 2 երկրների միջև երկարատև թշնամանքը հարթելու համար։ Այս առումով որպես կատարված կարևոր աշխատանք նշվում է Լեյլա և Արիֆ Յունուսների աշխատանքը։
Բանաձևի նախագծում ասվում է, որ ԵՄ խորհուրդը և անդամ պետությունները պետք է հորդորեն Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ կոչ անելու Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել հետապնդումները և պարզ դարձնել այն, որ ՄՕԿ-ը Ադրբեջանից՝ որպես հաջորդ տարի Եվրոպական օլիմպիական խաղերն հյուրընկալող երկիր, պետք է պահպանի օլիմպիական խարտիայի պահանջները և հարգի մամուլի ազատությունները։
Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկած պատգամավորները միակարծիք էին, որ Ադրբեջանում վիճակը սիստեմատիկորեն վատանում է, ձերբակալությունները կատարվում են քաղաքական շարժառիթներով, հիմնական զոհերը լրագրողներն ու ակտիվիստներն են, ովքեր համարձակվում են կառավարությանը տարակարծիք լինել։
Բանախոսները կարծում են, որ չնայած Ադրբեջանը դեպի Եվրոպա գազի մատակարար է, պետք է դադարեցնել նրա հետ ստրատեգիական, առևտրային համագործակցությունը, մինչ Ադրբեջանը չհարգի մարդու իրավունքները։ Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները