Ադրբեջանցի ակտիվիստները ԵԽԽՎ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի խորհրդի նախագահ Անն Բրասյորը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, այսօր մոտ երեք ժամանոց հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների հետ և քննարկել երկրում տիրող մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, քաղաքական բանտարկյալների վիճակը։ Սակայն, ըստ տեղի լրատվամիջոցների, ԵԽԽՎ նախագահը մասնակիցներին խնդրել է գաղտնի պահել հանդիպման մանրամասները ԶԼՄ-ներից՝ խոստանալով աջակցել քննարկված խնդիրների լուծմանը։
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության քիչ թվով անդամներ․մեծ մասը նախընտրել է չմասնակցել՝ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ տեղի ունեցող մարդու իրավունքների կոպիտ խախտումների լույսի ներքո։
Անն Բրասյորին հանձնվել է հանդիպմանը չմասնակցած Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից ստորագրված բաց նամակը։
Ակտիվիստներն իրենց բաց նամակը վերնագրել են «Լռությունը տարբերակ չէ»։ Նամակում ասվում է․ «Առաջինը Անար Մամադլին, այնուհետ Լեյլա Յունուսը, այժմ Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը, և հաջորդը, հավանաբար, կլինի Էմին Հուսեյնովը։ Մեկը մյուսի ետևից, հայտնի իրավապաշտպանները զոհում են իրենց ազատությունը՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները խթանելու համար»։
Նամակում ասվում է նաև , որ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը համընկել է իրավապաշտպանների նկատմամբ անխիղճ ճնշումների հետ։
«Հարց է առաջանում, արդյո՞ք Ստրասբուրգն ի վիճակի է պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու բարեկեցությունը ավտորիտար իշխանություններից։
Այստեղ կա պրոցեդուրալ պատասխան․եթե պետությունը լրջորեն խախտում է Եվրոպայի խորհրդի չափանիշները, վեհաժողովը կարող է կասեցնել կամ զրկել ազգային պատվիրակություններին քվեարկության իրավունքից․սանկցիա, որը կիրառվել է մի քանի դեպքերում։
Վատագույն դեպքում կարող է խորհուրդ տալ՝ վտարել երկրին Եվրոպայի խորհրդից։
Սակայն, պարզվում է խորհուրդն ընտրել է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ՝ որպես լվագույն տարբերակ»։
Նամակում ակտիվիստները նշում են, որ ԵԽԽՎ նախագահի բարոյական և ինստիտուցիոնալ պարտքն է՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Բաքվում լինելու ժամանակ այցելեք ճաղերի ետևում գտնվող այն կանանց և տղամարդկանց, ովքեր իրենց ազատությունը զոհել են՝ խթանելով Եվրոպայի խորհրդի արժեքները։
Նախագահ Ալիևը Ձեզ կասի, որ նրանք հանցագործներ են, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ գերակայում է մարրդու իրավունքներն ու երաշխավորված են հիմնարար ազատությունները։ Կասի, որ կառուցողական երկխոսություն կա քաղաքացիական հասարակության հետ և Ձեզ էլ կհրավիրի մասնակցել կլոր սեղանի քննարկմանը։ Մենք կոչ ենք անում՝ չընդունել հրավերը, մինչև այն չանցկացվի Քուրդահանում՝ նախնական կալանքի մեկուսարանում, որը ներկայումս դարձել է շատ լրագրողների, բլոգերների, ակտիվիստների և իրավապաշտպանների տունը։
Արդյո՞ք կվերանայեք Ադրբեջանի պատվիրակների հավատարմագրերը, մինչև իշխանությունները չերաշխավորեն ձերբակալվածների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ տարբերակ չէ։ Եվրոպայի խորհրդի նկատմամբ վստահությունը սպառնալիքի տակ է»,-ասվում է նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան