Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է ռուս-աբխազական սպասվելիք համաձայնագիրը
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկել է միացյալ զինված ուժեր ստեղծելու դրույթ պարունակող ռուս-աբխազական քննարկվող համաձայնագիրը: Այս մասին, «newsgeorgia.ru» կայքի հաղորդմամբ, ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են դեպքերի զարգացման հնարավոր սցենարներն ու Վրաստանի իշխանությունների կողմից դրանց արձագանքման մեխանիզմները»,-ասված է հայտարարության տեքստում:
Նշենք, նախօրեին հայտնի էր դարձել, որ Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել է Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագրի» նախագիծը, որով փաստացի նախատեսվում է միացյալ զինված ուժերի ստեղծում՝ ընդհանուր հրամանատարությամբ:
Համաձայնագրի քննարկման կապակցությամբ ավելի վաղ մտահոգություններ էր հայտնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով կոչ էր արել երկրի խորհրդարանին ու միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ, իր բնորոշմամբ, անօրինական համաձայնություններին:
Անվտանգության խորհրդի նիստից հետո Վրաստանի արտգործնախարարությունն հայտարարություն էր տարածել, որում ասված է թե «ռուս-աբխազական միացյալ զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը լուրջ սպառնալիք է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը»: Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ընդգծում է նաև այն հանգամանքը, որ «համաձայնագրի նախաբանում անթույլատրելի է խոսել երկու պետությունների անունից, հաշվի առնելով այն ընդունված փաստը, որ Աբխազիայի բնակչության մեծամասնությունը ուժային մեթոդներով վտարված է սեփական տներից, այդ թվում էթնիկական զտման հետևանքով»: