Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցներն օդային հարվածներ են սկսել Եմենում
Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի իր դաշնակիցները ռազմական գործողություններ են սկսել Եմենում, որտեղ շիա հուսի ապստամբները շարունակում են առաջընթաց գրանցել: Այս մասին հայտնում է BBC-ին` հղում կատարելով Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ-Ջուբեյրին:
«Կոալիցիան որոշել է պատասխանել Եմենի նախագահ Հադիի` երկիրը և ժողովրդին հուսիների ագրեսիայից պաշտպանելու կոչերին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Բահրեյնի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է France Presse գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի դեսպանի խոսքով, կոալիցիոն դաշնակիցները հարվածներ կհասցնեն օդից: Կոալիցիայի մեջ մտնում է 10 երկիր: Օդային հարվածներ հասցվել են Սանայի օդանավակայանի և Ալ-Դուլաիմիի օդային բազայի ուղղությամբ:
Իրենց հերթին հուսիները հայտարարել են, որ օդային հարվածները կհանգեցնեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:
Ըստ Los Angeles Times-ի` հուսիների ձեռքում են հայտնվել Եմենի անվտանգության ծառայության գաղտնի փաստաթղթերը, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում արաբական թերակղզու հարավում ԱՄՆ-ի հետախուզական օպերացիայի մասին:
Հիշեցնենք, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին նախօրեին փախել է Ադեն քաղաքի իր ապաստանից և գնացել անհայտ ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան