Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարող են մտնել փակուղի
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսը միջուկային ծրագրի վերաբերյալ առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի մի նախագիծ, որտեղ ամրագրված են հետևյալ դրույթները.
1. Պատժամիջոցների ամբողջական չեղյալ հայտարարումը պետք է արտացոլված լինի վերջնական համաձայնության մեջ և դրա` ուժի մեջ մտնելուց հետո պետք է անմիջապես սկսվի կիրառվել:
2. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ստորագրված համաձայնագրի շրջանակներում իրավունք ունի ստուգումներ կատարել միջուկային հաստատություններում, սակայն արգելվում է ստուգել ռազմական և անվտանգության ոլորտի հաստատություններն ու միջուկային ոլորտի մասնագետներին առնչվող փաստաթղթերը:
3. Միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի:
4. Իրանի սահմանադրության 77 և 125-րդ կետերի համաձայն՝ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցող բանակցությունների արդյունքները պետք է ներկայացվեն Մեջլիսին:
5. Արտաքին գործերի նախարարը պարտավորվում է համաձայնագրի կատարման գործընթացի վերաբերյալ 6 ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել Մեջլիսին և Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն ԱԳ նախարարի ներկայացրած զեկույցը 6 ամիսը մեկ պետք է ներկայացնի պատգամավորներին:
ԻԻՀ նախագահի՝ խորհրդարանական հարցերով տեղակալ Մաջիդ Անսարին նշել է, որ սույն օրենքը հակասում է սահմանադրության 176-րդ կետին: Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն էլ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է, որ ԱԳՆ-ն հարգում է Մեջլիսի որոշումը, սակայն սույն օրենքի նախագիծն օգտակար չի համարում:
Նշենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության համաձայն ՝ կողմերը պետք է մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում համաձայնագրի տեքստի մշակման շուրջ բանակցություններ վարեն, որպեսզի հունիսի վերջին ձեռք բերվի վերջնական համաձայնությունը:
Ինչ վերաբերում է հունիսի 30-ին միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև վերջնական համաձայնագիր ստորագրելու հավանականությանը, նշենք, որ հակառակ կողմերի սպասումներին՝ ապրիլի 2-ին լոզանյան հանդիպմանը հաջորդած ժամանակաշրջանն այդքան էլ աչքի չընկավ ակտիվ բանակցային գործընթացով: Այս ընթացքում միջուկային հաստատություններում ստուգումներ իրականացնելու հարցի շուրջ կողմերի միջև առկա տարաձայնություններն ավելի խորացան, իսկ միմյանց ուղղված պահանջներն էլ շատացան:
Անդրադառնալով Մեջլիսի ընդունած օրենքին՝ նշենք, որ եթե այն ընդունվի և հաստատվի Բանիմացների խորհրդի կողմից, ապա կառավարությունը պարտավոր է այն կիրառել, իսկ հաշվի առնելով այս օրենքի ներկայացրած պահանջներն ու դրանց վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և «5+1 խմբի» ունեցած վերապահումները, ապա կարել է եզրակացնել, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարող են մտնել փակուղի:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում