BarCamp-Արցախ 2014-ի մեկնարկը հոգևոր էր
Արցախում արդեն չորրորդ տարին անընդմեջ ընթանում է BarCamp-ը, որի մեկնարկն այս տարի տրվեց հոգևոր անվտանգության մասին շնորհանդեսով: Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևոր իրադարձության ընթացքում զուգահեռ ներկայացվում են շնորհանդեսներ ՏՏ և բլոգ ու սոցիալական մեդիա ոլորտներում:
Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, BarCamp-Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիրմիր Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեմաներն ավանդական են: Նա այս տարվա BarCamp-ում կարևորեց հոգևոր թեմայով շնորհանդեսով մեկնարկն ու զորամաս այցելությունը:
«Մեր հակառակորդը պարտություն է կրել պատերազմում և փորձում է տեղեկատվական, հոգևոր դաշտում հաջողություններ ձեռք բերել, ինչի համար կարևորել ենք այս թեմայի քննարկումը»,-ասաց Վլադիրմիր Գրիգորյանը:
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խիստ կարևորեց ոլորտն ու երիտասարդների պատրաստվածությունը:
«Առաջին անգամ, երբ Արցախից մասնակցեցինք Երևանում տեղի ունեցող BarCamp-ին, հասկանացանք, որ համացանցը հասանելի է ամենուրեք, հիմնականում երիտասարդներն են այդ համակարգում, որոշեցինք ամեն տարի գոնե մեկ անգամ հավաքել այն երիտասադրներին, ովքեր հետաքրքրված են, ակտիվ են և պոտենցիալ ունեն այդ ոլորտում աշխատելու: Կիսվել նորություններով, իմանալ ՏՏ ոլորտի և սոցիալական ցանցերի հնարավորությունների մասին: Արցախի մասին օբյեկտիվ և ճիշտ տեղեկություն տարածելու առումով սոցիալական ցանցերը հզոր գործիք են: Կարևոր է, որ բլոգերների ու սոցցանցերի ակտիվ օգտագործողների միջև այդ ցանցը ստեղծվի, որպեսզի համագործակցեն և Արցախի մասին տեղեկությունները տարածվեն նաև BarCamp-ի մասնակիցների միջոցով»,- ասաց նա:
Գայանե Գրիգորյանը նշեց, որ Արցախի շուրջ իրադարձությունների ոչ օբյեկտիվ ինֆորմացիա է գնում, հատկապես բանակի վերաբերյալ: Դա է պատճառը, որ այս Barcamp-ի մասնակիցները լինելուն են զորամասում, որտեղ կտեսնեն բանակն ինչպիսին է իրականում: Իսկ BarCamp-ը Ծմակահողում կազմակերպելը Արցախում գյուղական համայնքների և երիտասարդների զարգացմանն է միտված:
BarCamp-ն այս տարի ունի 75 մասնակից Արցախից , Հայաստանից, ինչպես նաև Հոլանդիայից ու Դանիայից: BarCamp Արցախ 2014-ը ֆինանսավորել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, աջակցում է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան