BarCamp Արցախ 2014-ը կայացավ
Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում հուլիսի 24-28-ն անցկացվեց BarCamp Արցախ 2014-ը:
Panorama.am-ի թղթակիցն ուշադիր հետևել է մեր երկրում ՏՏ ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկին և ներկայացնում ենք ոչ ֆորմալ կոնֆերանսի արդյունքները:
BarCamp-Արցախ 2014-ի նորություններն ու արդյունքները
Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, BarCamp-Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիրմիր Գրիգորյանը միջոցառումն ամփոփելիս նախ թվարկեց նորությունները: Վրանային տարբերակով անցկացված BarCamp-ը նորություն էր և ըստ նրա, բավական հաջող ստացվեց:
«Ինձ թվում է, որ ապագայում մենք կանցնենք այդ տարբերակին և միշտ կանենք վրանային»,- Panorama.am-ի թղթակցին ասաց նա:
Այս տարվա մյուս նորություններից էր զորամաս այցելելությունը, ինչը Վլադիմիր Գրիգորյանը կարևորեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման տեսանկյունից: Նա տեղեկացրեց, որ հետագայում ևս նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ՝ հատկապես լրագրողների հետ, որպեսզի բանակի մասին անաչառ տեղեկություններ հրապարակվեն գոնե հայկական մամուլում:
Այս տարի նորություն էր նաև հոգևոր անվտանգության թեմային անդրադառնալը, ինչը նույնպես շարունակական է լինելու: Արցախ BarCamp-ի նպատակներից է նաև Հայաստանի տարբեր շրջաններից ու արտասահմանից ժամանած մասնակիցներին ծանոթացնել Արցախին ու նրանց միջոցով Արցախի մասին տեղեկատվություն տարածելը:
«Մենք պետք է ստեղծենք ու բարձրացնենք Արցախի իմիջը, քանի որ, եթե դու ուզում ես, որ քո երկիրը ներդրումների տեսանկյունից գրավիչ լինի, դու պիտի լավ իմիջ ունենաս: Բացասական կամ զրոյական վարկանիշի դեպքում դժվար հաջողություն լինի: Դրա համար էլ պետք է ստեղծել համապատասխան ինֆորմացիոն դաշտ: Այստեղ սովորական մարդիկ են ապրում՝ իրենց հոգսերով: Պատերազմով, բայց մեկ է՝ երեխաներ են ծնվում, մարդիկ տներ են կառուցում, ընտանիք են ստեղծում, պլաններ եմ մշակում: Կյանք է, պետք է այդ կյանքը ներկայացնել արտաքին աշխարհին»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ներկայացված շնորհանդեսներին, կազմակերպիչն ասաց, որ դրանք հետաքրքիր էին ու տարբեր. «Միակ դժգոհությունն այն է, որ մասնակիցները քիչ էին, և հատկապես քիչ էին Արցախից: Մենք ցանկանում ենք, որ մասնակիցներն ու մասնագետները առհասարակ շատ լինեն: Միջոցառումը կայացավ, ժամանակը ցույց կտա, թե որքանով է հաջողակ եղել»:
Նա հավելեց, որ Արցախը շատ գրավիչ է և ցանկություն հայտնեց մյուս BarCamp-ը կազմակերպել Արցախի այլ գյուղերում, որոնք չեն զիջում գեղեցկությամբ:
Հետհայացք
BarCamp-Արցախ 2014-ի ընթացքում ներկայացված շնորհանդեսների թեմաները տարբեր էին ու բազմազան՝ հոգևոր անվտանգությունից մինչև ՏՏ նորություններն ու ծրագրերը:
Ծրագրավորող Ռոլանդ Եղիազարյանը ներկայացրեց Google photosphers թեմայով շնորհանդես: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ սովորական նկարները պատկերում են ֆիքսված հատված, սահմանափակ դիտակետ, իսկ այս ծրագրով արված նկարների միջոցով կարելի է ողջ տարածությունը փոխանցել:
Ծրագրավորողի խոսքով, Հայաստանում շատ քիչ է օգտագործվում այս ծրագիրը՝ ընդամենը մոտ տասը մարդ: Ըստ նրա, անհրաժշետ է ծրագիրը հանրության լայն շրջանակներում տարածել, քանի որ այն կարող է խթանել Հայաստանում տուրիզմի զարգացումը:
«Այդ նկարները, երբ ներբեռնվում են, քարտեզների վրա են հայտնում, իսկ մարդիկ քարտեզների միջոցով են արշավներն ու տուրիզմը պլանավորում»,- ասաց Ռոլանդ Եղիազարյանը, ում էջը երկրորդն է այցելությունների քանակով:
Արցախից ազատ ծրագրավորող Նարեկ Գևորգյանի շնորհանդեսը կայքերի որոնողական համակարգերի օպտիմիզացման թեմայով էր:
«Կայքերի օպտիմիզացումն ամենակարևորն է, եթե դա չի լինում, մարդիկ շատ մեծ այցելություններ են կորցնում: Ցավոք, մեզ մոտ օպտիմիզացումը շատ ցածր մակարդակի վրա է, դեռ չի գնահատվում այն: Լուրջ մոտեցում է պետք: Եթե մենք ճիշտ ինֆորմացիա ենք մտցնում, պետք է այնպես օպտիմիզացնենք, որ, օրինակ, եթե փնտրում են Արցախի մասին տեղեկություն, բերի ոչ թե Ադրբեջանի տարածած կեղծ, այլ մեր զետեղած օբյեկտիվ և ճիշտ ինֆորմացիան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրավորողը:
Նա կարևորեց այս BarCamp-ը հատկապես նոր ծանոթությունների և փորձի փոխանակման առումով:
Անկախ փորձագետ Կարեն Տերտերյանը մի քանի շնորհանդես ներկայացրեց, որոնք հիմնականում առնչվում էին մեդիա ոլորտին: Նա խոսեց ադրբեջանական կայքերի տարածած կեղծ և քարոզչական տեղեկությունների մասին, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, արտատպում են հայկական որոշ կայքեր և դրանով նպաստում հակառակորդի քարոզչությանը:
Նա մի քանի խորհուրդ տվեց և ներկայացրեց ադրբեջանական այն լրատվական կայքերը, որոնք կոնկրետ ուղղված են հակահայ քարոզչությանը:
Կարեն Տերտերյանը խոսեց նաև օնլայն մեդիայի և մոռացվելու իրավունքի, տեղեկատվության աղբյուրների բացահայտման և այլ թեմաների մասին:
Նիդերլանդներից Լևոն Բաղդասարյանի թեման տեղեկատվության ունեցած ֆիզիոլոգիանական ազդեցությունների մասին էր, որում անդրադարձավ սերունդների վրա ցեղասպանությունների ու գենետիկայի վրա տեղեկատվության ունեցած ազդեցությունններին:
Դանիացի Գերտ Լաուրենսը, ով BarCamp-ի հատուկ հյուրն էր, խոսեց տեխնոլոգիաների դարաշրջանում թերթերի փոփոխությունների, ինչպես նաև ընթերցող չկորցնելու համար կիրավող նորարարությունների մասին:
BarCamp Արցախ 2014-ի մասնակիցները վերջին օրն այցելեցին ՊԲ N զորամաս, որի կազմավորման օրն էր: BarCamp-ի մասնակիցները հետևեցին զինվորական տոնական երթին, ցուցադրական զորավարժանքին, ծանոթացան զինվորական առօրյային, ճաշարանում սնվեցին զինվորների հետ, եղան զորամասի հրաձգարանում, որտեղ հնարավորություն ստացան նաև կրակել:
Նախորդող հրապարակում`
ՏՏ ճարտարագետ. Հայաստանում առցանց քարտեզների և գրադարանների խմբագրման համայնքների պակաս կա
BarCamp-Արցախ 2014-ի մեկնարկը հոգևոր էր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները