Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»
Սոցիալապես ամենածանր վիճակը Շիրակի մարզում է` աղքատ է բնակչության 47տոկոսը: Այս մասին կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:
Հատկապես ծանր է կանանց վիճակը. սոցիալական ծանր վիճակը ստիպում է տղամարդկանց մեծամասնությանը մեկնել արտագնա աշխատանքի, նրանց մեծ մասն էլ «արտագնայում» մշտական բնակություն է հաստատում` չի վերադառնում, ու ինքնաբերաբար կանանց մնում է աշխատանք փնտրել մարզում, սակայն ըստ վիճակագրության Շիրակի մարզի գործազուրկների 72 տոկոսը կանայք են:
Շատ ու շատ ընտանիքներ հայտնվել են ծայրահեղ վիճակում, շարունակեց տիկին Գինոսյանը, քանի որ առաջվա պես նպաստ ստանալու համար միայն փաստացի գրանցումը բավարար չէ և անհրաժեշտ է, որ նպաստի ենթակա շահառուն ունենա հստակ գրանցում, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ իրականացնել:
Panorama.am-ի թղթակիցի տեսախցիկը ֆիքսեց որ մարզկենտրոն Գյումրիում էլ կան կիսափլատակ հանրակացարաններ, տնակային ավաններ և ուղղակի բնակությանը ոչ պիտանի, բայց հարմարեցված կացարաններ, որոնց բնակիչները հազիվ լուծում են հանապազօրյա հացի խնդիրը` թղթաբանությունը թողնելով բախտի քմահաճույքին: Արդյունքում ոչ միայն զրկվում են նպաստ ստանալու հնարավորությունից. կան երիտասարդներ, որ անձնագիր չունեն. օրինակ` Արթիկի հարևանությամբ գտնվող Նոր Կյանք համայնքի բնակիչներ, 17 և 19 տարեկան Աբրահամյան քույրերը անձնագիր մինչ օրս չունեն:
Մարզի զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Ալեքսանյանն էլ ներկայացրեց թվային ցուցանիշը: Այդպես, 2011թ-ին իրենց դիմած 8 հազար աշխատանք փնտրող քաղաքացիներից 7 հազարը գործազուրկի կարգավիճակ ունեն, սակայն միայն 535-ին է հաջողվել ծառայության շնորհիվ աշխատանք գտնել: Հիմնական աշխատանքը սպասարկման ոլորտում է և, քանի որ վարձատրության առումով Շիրակի մարզում բավականին ցածր ցուցանիշ է, ապա ամենից բարձր աշխատավարձը, հիմնականում, 50-60 հազար դրամից չի անցնում: Ընդ որում, նշեց տիկին Ալեքսանյանը, այս աշխատավարձի դիմաց քաղաքացին աշխատում է նվազագույնը 10-12 ժամ օրական:
«Գյումրիում և աշխատողի վիճակն է վատը, և չաշխատողի, քանի որ աշխատողը ստիպված է մրցակցության մեջ դիմադրել, որպեսզի չկորցնի աշխատատեղը ու դրա դիմաց կատարել վարձատրությանը անհամապատասխան աշխատանք»,- ամբողջականացրեց խնդիրը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:
«Ցավոք, Գյումրիի նման քաղաքում այսօր մնացել է 105-110 հազար քաղաքացի, ու ես թեև լավատես եմ, այս պարագայում լավատեսության ոչ մի նշույլ չունեմ. ինձ թվում է` ծրագիր կա Գյումրիում թողնել այնքան մարդ, որ կարողանան սպասարկել ռուսական բազան, վերջ»,- շեշտեց Վ.Թումասյանը:
Panorama.am-ը էլի կանդրադառնա աղքատ Գյումրվա դիմապատկերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան