Սա դեռ «ցվետոչկի». Գյումրու քաղաքապետի օգնականը սպառնում է հակահարձակմամբ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գործողությունների վերաբերյալ քննարկումները թեժացել են վերջին օրերին: Ըստ մամուլի հրապարակումների, վերջերս նա Գյումրիում մարդ է դանակահարել:
Ոստիկանության լրատվական ծառայությունը պաշոտնապես հաղորդում է, որ հունիսի 23-ին ժամը 13:15-ին Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ուսագոտու և ձախ սրունքի կտրված վերք, արտաքին արնահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989 թվականին ծնված Պետրոս Ն-ն: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական համապատասխան միջոցառումներ գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողները ակտիվ քննություն են իրականացնում, և արդեն մեծ թվով երիտասարդների հետ են խոսել:
Գյումրու քաղաքապետը, որը պարբերաբար հայտնվում է նման իրադարձությունների առանցքում, անջատել է հեռախոսը և նրա փոխարեն հարցերին պատասխանում է խոսնակը: Լիլիթ Աղեկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն հոգնել են «սև PR-ի մեթոդաբանությունից»:
«Սա քաղաքապետի ուղղությամբ հնչած կրակոցների շարունակությունն եմ դիտարկում` 2007-ին կրակեցին քաղաքապետի վրա ընտրություններից առաջ, 2012-ին փեսային սպանեցին, հիմա ի՞նչ նոր բան են պատրաստում փոքր ուտկաներով, սրանով ինչ-որ հիմք են նախապատրաստում քաղաքապետի դեմ նոր դավադրություն անելու: Եթե նման մտադրությամբ են ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբակներ վճարվում, որ սև PR անեն, ուրեմն վստահեցնում եմ, որ հակաքայլը շատ զորեղ է լինելու: Ամբողջ միջազգային լրատվությունը կխառնենք իրար, եթե էս ձևով են շարունակելու», -սպառնաց Աղեկյանը:
Նա հայտարարեց.«Վարդան Ղուկասյանի որդին այդ միջադեպի հետ որևէ կապ չունի և մամուլով շրջանառվող տեղեկությունները պատվիրված են»: Խոսնակը գիտի, զգում է, որ այս ամենը հեռուն է գնալու: «Սա դեռ «ցվետոչկի»: Նման բաներ շատ ավելի վատ դրսևորումներով լինելու են: Ես էդպես եմ զգում», -նկատեց նա:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ «պատվերը» կատարվել է Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու «Բարգավաճ Հայաստանի» անդամ Մարտուն Գրիգորյանի կողմից, Աղեկյանը պատասխանեց. «Էդ անուն-ազգանունը դուք տվեցիք, բայց որ այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա, ակնհայտ է: Կրակոցները քաղաքապետի ուղղությամբ, նրա ընտանիքի անդամների դեմ արշավը այդ ամենը նույն շղթայի շարունակությունն է` ո՞նց է ստացվում, որ այդ ամենը ընտրություններից առաջ է տեղի ունենում»:
Մարտուն Գրիգորյանին սև PR իրականացնելու մեջ կասկածելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, «վատ է»:
«Ընդհանրապես, միշտ ցանկալի է, առհասարակ, խաղալ գունապնակի այլ գույներով, ավելի տրամադրություն բարձրացնող, այլ ոչ թե սևով», -կեսկատակ նկատեց Ուրիխանյանը և նույն ոճով էլ հավելեց.
«ԲՀԿ-ի պատկերը այնքան վառ ու դրական գույներով է հագեցած, որ մենք սև գույնի գործողություն, այդ թվում` PR, իրականացնելու որևէ խնդիր չունենք»:
Ի դեպ, սեպտեմբերին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին իր որոշումը Վարդան Ղուկասյանը հայտարարել էր դեռևս հունվարին: Սակայն ԲՀԿ-ում, ինչպես տեղեկացրեց Ուրիխանյանը, դեռևս չեն որոշել` կառաջադրվի՞ Մարտուն Գրիգոյանը քաղաքապետի ընտրություններում, թե՞ ոչ: Ինքը` Գրիգորյանը, իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ թեկնածություն կառաջադրի, եթե Գագիկ Ծառուկյանը որոշի, որ մասնակցելու են ընտրություններին: Ծառուկյանը, փաստորեն, դեռ որոշում չի կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան