Ինչո՞ւ անասնակերը դարձավ դիֆիցիտ ապրանք. ԳՆ պաշտոնյան է պարզաբանում
Գյուղերում այս օրերին խոտ աճեցնող-վաճառողն ու գնորդը վայրկյանների ընթացքում են իրար գտնում: Անասնակերի դիֆիցիտը հետագա ամիսներին սպառնում է խորանալ: Այս օրերին խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1000 դրամը, այն իրար ձեռքից խլում են 1300-1500 դրամով: Նախկինում մեկ հակն արժեր 500 դրամ, լավագույն դեպքում` 600:
«Եզդի տրակտորիսը զանգեց ծանոթին, մի քանի րոպեից եկան հենց դաշտից մեկ տուկը 1300 դրամով տարան»,- ասաց Արարատյան դաշտի հողագործներից մեկը:
Ինչո՞ւ խոտը դարձավ դիֆիցիտ ապրանք: Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, Panorama.am-ին ասաց, թե խնդիրը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով:
«Ձմռան ամիսներին տեղումների մեծ քանակ եղավ, և ապրիլ-մայիսին, երբ բնական կերահանդակներում պետք է բույսերի բնական վեգետացիան ակտիվ ընթանար, խոնավությունը քիչ էր հողում, տեղումներն էլ քիչ էին, և ըստ էության բնական վեգետացիան կարճ տևեց ու բավականին զանգված չաճեց»,- բացատրեց մասնագետը: Նրա մոտավոր հաշվարկներով, այս ամենի հետևանքով նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով քիչ խոտ կկուտակվի:
Ոռոգվող ցանքատարածություններում, Աշոտ Հովհաննիսյանի հավաստմամբ, բերքը բավականին լավ է, այստեղ նման խնդիր չկա:
Խոտի պակասի պատճառներից մեկն էլ անասուների գլխաքանակի աճն է: Նախարարության պաշտոնյայի ներկայացրած տվյալների համաձայն, տավարի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հազարով, իսկ ոչխարներինը` 60 հազարով:
«Աճի նման տեմպեր վերջին մի քանի տասնամյակում մեր հանրապետությունում չէր եղել: Աճը պայմանավորված է երկու գործոնով` մսի և կաթի իրացման գների բարձրացմամբ: Գյուղացին շահագրգռված էր կովեր ձեռք բերել ու կաթը հանձնել վերամշակողներին»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը` միաժամանակ հիշեցնելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գինը նվազել է, բայց նույնիսկ ցածր գինն էլ գյուղացու համար շահավետ է:
Խոտի պակասը լրացնելու համար նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում: Ղարաբաղում խոտի ավելցուկ կա, այնտեղից սկսել է անասնակերի ներկրումը Հայաստան: Բացի այդ, մոտ 200-300 հազար տոննա ծղոտ է կուտակվել, այն նախորդ տարիներին գյուղացիներն այրում էին: Այս տարի հնձվում են նաև թեք լանջերի ու հեռու խոտհարքների խոտը:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ հետագայում նախարարությունը միջոցներ ձեռնարկի Հայաստանից խոտի արտահանումը սահմանափակելու կամ արգելելու ուղղությամբ: Բացի այդ, այս պահին նախարարությունը բանակցում է մի վարկային կազմակերպության հետ` խոտի ներկրման վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ն էլ օրերս հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի թույլատրում է գյուղացիներին անտառի տարածքում խոտը անվճար հնձելն ու տանելը: Ֆերմերների մեծ մասը սակայն անտառ չի շտապել:
«Գիտե՞ք ինչ, մեկ հակ (տուկ) խոտը հակավորելու համար մեխանիզատորը ուզում է 150 դրամ: Գյուղացին մտածում է` հնձեմ, տուկ անեմ, մոտավորապես իմ վրա կնստի 400-500 դրամ»,- ֆերմերների պասիվությունը բացատրեց Հովհաննիսյանը:
Նախարարության պաշտոնյան այն կարծիքին է, որ եթե գյուղացին լավագույնս օգտագործի բոլոր հնարավարությունները, ապա կուտակվելիք խոտի պաշարը անասուներին կբավականացնի: «Խնդիրն այն է, թե գյուղացին ինչքանով է ցանկանում չօգտագործված բնական կերհանդակները օգտագործել»,- նկատեց վարչության պետը:
Անասուների սպանդի մասին տեղեկությունները նա հերքեց, միաժամանակ չբացառեց, որ կան մարդիկ, ովքեր Նոր տարվա փոխարեն այսօր են մորթում անասուններին: