Վտանգված է ազգի գենոֆոնդը
Երևանի օդի աղտոտվածությունը բավականին լուրջ խնդիր է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, օդի աղտոտվածության պատճառներից են՝ Երևանում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը, անվերջ ընթացող շինարարությունը և, ամենակարևորը՝ քաղաքի տարածքում գործող երկու տասնյակից ավելի հանքավայրերը:
Հանքավայրերը, ըստ Ա.Սաղաթելյանի, հիմնականում գործում են մայրաքաղաքի հյուսիսային և հարավային հատվածներում: «Այսօր քաղաքում ունենք նաև հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք վերամշակում են Քաջարանից բերված խտանյութը, ինչի արդյունքում զգալի վտանգավոր տարրեր գալիս են քաղաքի մթնոլորտ: Եւ ոչ միայն մթնոլորտ…»,- ասաց Ա.Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ գրեթե ամբողջ քաղաքում թութը սնդիկով է վարակված: «Դա առաջին հերթին երեխաներն են ուտում: Քաղաքում առաջ սնդիկ չի եղել, այն վերջին 10 տարում է ի հայտ եկել: Սա իրոք լուրջ վտանգ է: Մենք պետք է ունենանք ազգը պահպանող պետություն: Ի վերջո այս ամենը մարդկանց առողջության վրա է ազդում, մինչդեռ վտանգված է ազգի գենոֆոնդը»,- նշեց Ա.Սաղաթելյանը:
Նրա խոսքերով՝ աղտոտման պատճառը ոչ միայն հանքերն են, այլև տրանսպորտը, կանաչ տարածքների բացակայությունը: Ա.Սաղաթելյանը նշեց, որ քաղաքի էկոհամակարգի վրա հատկապես բացասաբար է անդրադարձել այսպես կոչված, կանաչ գոտու վերացումը, որը նախագծել էր դեռ Ալեքսանդր Թամանյանը: «Նորակառույց շենքերի կառուցումով ամբողջությամբ խաթարվեց քաղաքի ինքնամաքրման գործընթացը: Ժամանակին, երբ Թամանյանը նախագծեց քաղաքի հատակագիծը, նա ամեն ինչ հաշվի էր առել: Նախ՝ փողոցների ինքնամաքրումը քամու միջոցով, սակայն այնքան անկապ շենքեր կառուցեցին, որ քաղաքն այսօր չի օդափոխվում: Շենքերը պատնեշ են դառնում և փոշին կուտակվում է քաղաքում: Դրան գումարած շինարարության, տրանսպորտի փոշին և այլն: Արդյունքում, Երևանում փոշին մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման»,- ընդգծեց էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը: Նա նշեց նաև, որ վերջին տարիներին կանաչ տարածքները այնքան են կրճատվել, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե մայրաքաղաքում կանաչ տարածքները քանի հեկտար են կազմում:
Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ քաղաքապետարանի պատվերով երկու տարի առաջ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը քաղաքի կանաչապատման համար մշակել է բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ինովացիոն ծրագիր: Նրա խոսքերով՝ կենտրոնի աշխատակիցները օգտագործել են տիեզերական լուսանկարները, հաշվել, թե որքան մեքենա կա քաղաքում, որքանով է ծանրաբեռնված փողոցը: Արդյունքում, հաշվել են, թե ամեն փողոցում քանի ծառ պետք է լինի, և ինչ տեսակի ծառեր են հարկավոր, որպեսզի մաքրեն օդի աղտոտվածությունը: Սակայն, Ա. Սաղաթելյանը ցավով նշեց, որ դրանից մեկ տարի հետո, երբ գնում էին այն տարածքը, որտեղ պետք է կանաչ գոտիներ լինեին, արդեն շինարարություն էր իրականացվում:
«Կանաչ գոտիների կորուստը գնահատում եմ ամենալուրջ պատճառը, որ հասարակությունը փչացավ: Կանաչ գոտիները հանրային սեփականություն էր և երևանցիներից դրանք գողացան, բնականաբար, ինչ-որ պաշտոնյայի հովանավորչությամբ: Ամեն նոր քաղաքապետ ասում է, որ նախորդն արդեն թույլ է տվել կանաչ տարածքում շինարարություն իրականացնել, բայց արդյոք հնարավո՞ր չէր թույլտվողին պատժել և հայտարարել, որ դա ապօրինի է եղել: Մինչդեռ այդ ամենը չարվեց, և արդեն 20 տարի է մեզ՝ երևանցիներիս հեքիաթներ են պատմում, որ մենք լավն ենք, սպիտակ ենք ու փափուկ, իսկ նախկիները նման ապօրինի թույլտվություններ են արել, հիմա մենք ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Ա.Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ Երևանում խախտվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Գլխավոր հատակագիծն օրենք է, որը, սակայն, ամեն օր խախտվում է և կանաչ գոտի նախատեսված հատվածներում կառուցապատումներ են կատարվում: Նրա խոսքերով, եթե հատակագծում այգի է նշված, իսկ տվյալ տարածքում շենք է կառուցվում, ուրեմն օրենք է խախտվում: «Թույլտվություն տվողն էլ է օրենք խախտել, բայց եթե հարցերը սեղանի վրա չդնենք, միշտ իշխանությունը պարզերես կլինի: Ւսկ եթե ազգաբնակչությունը բողոքում է, բայց իշխանությունը չի արձագանքում, ապա այստեղ իշխանության լեգիտիմության խնդիր կա, քանի որ նա չի կատարում իր պարտականությունը՝ այն է պաշտպանել բնակչությանը, գործել բնակչության շահերից, մաքսիմալ պատժել օրինախախտներին: Եթե ինքն է դառնում օրինախախտ, արդեն լեգիտիմ իշխանություն չէ: Սա վերաբերում է իշխանության բոլոր օղակներին: Երբ մենք ասում ենք, որ հասակությունը անառողջ է, ապա շրջակա միջավայրի անառողջությունը դրա ուղիղ հետևանք է»,- նշեց Ա.Սաղաթելյանը: