Դատարանը կայացրել է Արտակ Նազարյանի գործով վճիռը. Տուժող կողմը վճռական է բողոքարկել այն
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանության դիմած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով հրապարակել է վճիռը: Դատարանն ապացուցված է համարել զինդատախազության վարկածը և Նազարյանի նախկին ծառայակից ամբաստանյալներ Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին դատապարտել 4-ական տարիների ազատազրկման, իսկ Հակոբ Մանուկյանին 10 և Հարութիկ Կիրակոսյանին` 3 տարի ազատազրկման:
Նշենք, որ վերջինները մեղադրվում էին Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար և չէին ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Իր տարածած հայտարարության մեջ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, տեղեկացրել է, որ տուժող կողմը չի ներկայացել դատական նիստին` ակնկալելով նման վճիռ: Ներկայացնելով դատավարության ընթացքը, Նազարյանը հայտարարել է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նույն դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ դատավարությունն ընթանում էր արդեն մեկ տարի և 9,5 ամիս: Եվս մեկ տարի էր տևել քրեական գործով նախաքննությունը, որը վարել էր ՊՆ Քննչական ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ պայմանագրային սպա, լեյտենանտ, 31-ամյա Արտակ Նազարյանը՝ բերանի խոռոչում հրազենային վիրավորումով, մահացած էր գտնվել 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացնում «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասը:
Չնայած մահվան պաշտոնական վարկածին, տուժող կողմը վստահ է, որ կատարվածը սպանություն էր, ինչը պնդելու համար բավականաչափ հիմքեր կան:
Մասնավորապես, քննություն չի տարվել և չի պարզվել, թե ում և ինչպիսի ներգործության արդյունքում են Նազարյանի մարմնի վրա մահից «մինչև մոտ 6 ժամ առաջ» և «ոչ շատ առաջ» հայտնվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ում հետ և ինչ պայմաններում է Նազարյանը դատարկ ստամոքսով ալկոհոլ ընդունել մահից մոտ 1-1,5 ժամ առաջ, ինչ հետևանք է ունեցել մահից ժամեր առաջ Նազարյանի հասցեին նրա վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը:
Նազարյանի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, նրա ստացած 120 փամփուշտներից ոչ մեկը չի պակասել մահից հետո, տեղազննության ժամանակ հայտնաբերված պարկուճի փոխարեն փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ: Նազարյանի ծառայակիցները դեպքից անմիջապես հետո ապօրինի ազատազրկման են ենթարկվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում՝ 9-25 օր ժամկետով, որի ընթացքում ճնշումների և բռնության միջոցով նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:
Ի սկզբանե, նախաքննությունը տարվել է «ինքնասպանության հասցնելու» կանխավարկածով, նյութեր են հավաքվել, ապացույցներ են ե՛ւ ձեռք բերվել, ե՛ւ աղավաղվել՝ այդ կանխավարկածն ապացուցելու համար: Ընդ որում, ինչպես պարզվեց դատարանի դահլիճում, ապացույցներ են ձեռք բերվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, վկաների վրա ճնշումներով և բռնությամբ: Արտակ Նազարյանի մահվան համար իրենց մեղավոր չեն ճանաչել մեղադրյալի աթոռին հայտնված նրա 5 ծառայակիցները, ովքեր մեղադրվում են Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» համար:
Մեկուկես տարի տևած դատաքննության ընթացքում բացահայտվեցին զինվորական դատախազության վերահսկողությամբ նախաքննական մարմնի գործած բազմաթիվ ապօրինություններ և խախտումներ, որոնք ուղղված են եղել մեկ նպատակի՝ կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն և քողարկել Արտակ Նազարյանի մահվան իրական մեղավորներին:
Սակայն դատարանը նույնպես չնպաստեց Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքները բացահայտելուն: Ավելին՝ դատավոր Սամվել Մարդանյանը ամեն կերպ խոչընդոտում էր այդ ուղղությամբ տուժող կողմի ջանքերին՝ մերժելով նրանց միջնորդությունները, որոնք կարող էին նպաստել սպանության բացահատմանը: Մարդանյանը քայլեր չէր ձեռնարկում՝ ընթացք տալու համար այն քրեորեն հետապնդելի արարքներին, որոնք բացահայտվում էին դատարանի դահլիճում: Մարդանյանի որոշումների մեծ մասը հենվում էր մեղադրող դատախազների կարծիքի վրա, որը, որպես կանոն, հակադիր էր լինում մնացած բոլոր կողմերի կարծիքին:
Մարդանյանի որոշմամբ էր, որ դատաքննությունը Երևանից տեղափոխվեց Իջևան՝ դժվարամատչելի դառնալով լրատվամիջոցների, քաղաքացիական և լայն հասարակության համար:
Ի վերջո, զինվորական դատախազությունը դատարան բերեց մի մեղադրական ճառ, որն ամբողջությամբ անտեսում էր դատաքննության ընթացքում ձեռք բերած ապացույցներն ու վկայությունները և կրկնում էր մեղադրական եզրակացությունը, որով գործը ընդունվել էր դատարանի վարույթ:
Ամենաակտիվ կերպով մասնակցած լինելով դատավարությանը, ներկայացրած լինելով բազմաթիվ միջնորդություններ, ջանք չխնայելով հանցագործությունը բացահայտելու համար՝ տուժող կողմը ստիպված է արձանագրել, որ Ս. Մարդանյանի նախագահությամբ դատարանը ամեն կերպ խոչընդոտելով այդ ջանքերին, միանգամայն կանխատեսելի է դարձրել կայացվելիք դատավճիռը:
Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի բոլոր պաշարները և հետևաբար անտեղի է համարում դատական այս վերջին նիստին իր մասնակցությամբ դատարանի դատավճիռը հոտնկայս հարգելը»:
Ծովինար Նազարյանը նաև հայտարարության մեջ պնդում է, որ իրենք հաստատակամ են բողոքարկելու վճիռը դատական մյուս ատյաններում: «Տուժող կողմը վճռական է գործը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում, հասնել նոր քննության՝ սպանության հատկանիշներով, բացահայտել ճշմարտությունը և կայացնել արդարություն»: