Վարդան Ղուկասյանի եղբայրը դատարանին հորդորել է բաց թողնել Հարություն Սարգսյանին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը: Այսօրվա նիստում, որպես վկա, հարցաքննվել է Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ով մի շարք հետաքրքիր նորություններ է հայտնել դեպքի հետ կապված, մանրամասներ, որոնք նույնիսկ քրեական գործում չկային, փոխանցում է «ԳԱԼԱ» հեռուստաըներությունը:
Գևորգ Ղուկասյանը դատարանից խնդրել է, որ իր հարցաքննությունը չտեսագրվի և չձայնագրվի լրատվամիջոցների կողմից, և դատական նիստին ներկա լրագրողները միայն հնարավորություն են ունեցել արձանագրել ցուցմունքը:
Գևորգ Ղուկասյանն ասել է, որ Կարեն Եսայանի դիակը ամբողջովին փոշոտված է եղել և տպավորություն է ստեղծվել, որ նրան գցել են սկզբում հողերի մեջ, հետո վերցրել-դրել են մեքենայի մեջ: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի վերաբերյալ վկան ասել է հետևյալը. «Բաց թողեք, եթե ինքն է, հաստատ թողեք, կերթա-կընկնի ձորը»:
Այնուհետև ասել է, որ «իրենց» աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, շատերն են հավանել և եկել են ուզելու ու այն հանգամանքը, որ Հարությունի ընտանիքը ևս եկել է «աղջիկ ուզելու», դա չի նշանակում, որ նա մարդ է սպանել: Նա հորդորել է դատարանին՝ թողնել «էս մարդուն» և հետաքննություն անել ու պարզել...Գևորգ Ղուկասյանը պատմել է, որ Հարություն Սարգսյանի հարազատները շատ նորմալ եկել, ասել են իրենց ասելիքը և նորմալ իրարից բաժանվել են, որևէ խնդիր էլ չի եղել: «Ինքն է եղել, թող ինքը պատասխան տա, ինքը չի եղել, թող ով որ եղել է, պատասխան տա»,-ասել է Ղուկասյանը:
Վ. Ղուկասյանի եղբայրը պատմել է նաև, որ հանգուցյալ Կարեն Եսայանին ևս սկզբից ևեթ Ղուկասյանները «աղջիկ չեն տվել» ու Մանյա Ղուկասյանն էլ սկզբից չի ուզել: «Մանյան որ ուզեր, միանգամից կտայինք, շատ երկար ուզում էին, չէինք տվել, հետո տվել ենք»,- հայտարարել է նախկին քաղաքապետի եղբայրը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության Հարություն Սարգսյանը, ով համակրել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ: Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի և Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով: Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով:
«Նախկին ոստիկանապետի որդին հանցակիցներ է ունեցել». Նոր մանրամասներ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին