Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը` ՀՀ-ում. Ո՞րն է ռուսական երկրորդ բուհն ունենալու անհրաժեշտությունը
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանն ու Հայաստանում հիմնադրվող Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը ոչ միայն իրար չեն կրկնելու, այլև չեն խանգարելու, կարծում է Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Սլավոնական համալսարանը Հայաստանի կայացած բուհերից մեկն է, այն իր ուրույն տեղն ունի կրթական շուկայում, և այս երկու բուհերի միջև որևէ խնդիր չի լինի:
Տիգրան Սահակյանի խոսքով` Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հարցը մի քանի տարվա պատմություն ունի, իսկ դրա անհրաժեշտության մասին խոսում է այն, որ երկկողմ շահագրգռվածություն կա:
«Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ նման բուհի մասնաճյուղ, ինչպիսին Լոմոնոսովի անվան համալսարանն է: Հայաստանում ներկայացված կլինի ռուսական լավագույն բուհերից մեկը, եթե ոչ լավագույնը: Վստահորեն կարող ենք ասել, որ աշխուժություն կմտցնի և մրցակցության նոր խթան կլինի: Իր մասնագիտություններով և որակով այն կնպաստի ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի բարձրացմանը, դա կբերի նրան, որ տեղի բուհերը, մրցակցությունից ելնելով, որակական առաջընթաց կգրանցեն»,- ասաց նա:
Ըստ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի` ռուսական կողմի շահագրգռվածությունը մեր մասնագետներն ու մեր պոտենցյալն է, ինչպես նաև այն շուկան, որ Հայաստանի միջոցով կարող է բացվել իրենց առջև` հեռավոր արևելյան երկրների առումով: «Իրենք շահագրգռված են ունենալ մեզ մոտ մասնաճյուղ, որտեղ կսովորեն արևելյան երկրների` Իրանի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների ուսանողները»,- նշեց նա:
Գործընթացն այս պահին բանակցությունների փուլում է, բազմաթիվ մանրուքներ կան, որ պետք է քննարկվեն` սկսած մասնագիտություններից, որ պետք է ունենա մասնաճյուղը, վերջացրած` տեղը, դասախոսական կազմը, կողմերի պարտավորությունները և այլն: Տիգրան Սահակյանը նշեց, որ երկու երկրների նախագահների հանձնարարականով գործընթացին արագ ընթացք է տրված և հույս հայտնեց, որ եկող տարի արդեն մասնաճյուղը կգործի:
Հարցին` կա՞ պահանջարկ նաև ուսանողների շրջանում, քանի՞ ուսանող է Հայաստանից հենց այդ բուհում շարունակում կրթությունը, ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը պատասխանեց. «Այն ուսանողները, որոնք ցանկանում են Ռուսաստանում սովորել, եթե շատ նեղ մասնագիտությունով չեն գնում, հիմնականում ձգտում են սովորել Մոսկվայի պետական համալսարանում: Դրա վկայությունն են նաև մեր կրթաթոշակային ծրագրերը, որոնք իրականացնում ենք Ռուսաստանում: Հայաստանյան շուկայում հետաքրքրություն կա: Թե ինչքանով դա իրեն կարդարացնի, արդեն մասնագետները շուկան ուսումնասիրել են, ռիսկերը գնահատել են: Եթե ցանկություն ունեն բացելու, ուրեմն պահանջարկ կա»:
Հավելենք, որ օրերս ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի է ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները