«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Բազմակազմ դասարաններում երեխաներին կրթելը միայն ժամանակի կորուստ է, ուրիշ ոչինչ, համոզված է Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Մի քանի տարիների ընթացքում տնօրենը համոզվել է, որ այս եղանակով երեխաները կարգին ուսում չեն ստանում: Բանը միայն համոզվելով չի ավարտվել, սեփական լուծումներն է գտել, ինչի համար նույնիսկ նկատողություն է ստացել: Նկատողությունից հետո էլ տնօրենը զենքերը վայրի չի դնում:
«Ես դրա լուծումը տեսել էի և կատարում էի: Իմ ֆինանսներիի մեջ տեղավորվում էի, ուսուցիչները համաձայնել էին, որ երկկոմպլեկտ դասարան չդառնա, ֆինանսի մեջ տեղավորվենք: Չորս տարի մարզպետարանից և նախարարությունից գաղտնի դասարաններն առանձին պահեցի ու չկոմպլեկտավորեցինք»,- Panorama.am-ին պատմում է նա:
Գաղտնի շատ երկար պահել չի հաջողվել, լուրը հասել է և՛ մարզպետարան, և՛ ԿԳՆ, տնօրենը նկատողություն է ստացել օրենքը շրջանցելու համար. «Ես ֆինանսի մեջ տեղավորվել եմ, երկկոմպլեկտ դասարան չեմ ունեցել: Բայց չէ, օրենքը կա, որ պետք է կոմպլեկտավորվի: Ծնողներ են գալիս, խնդրում են ինձ` «ընկեր Խաչատրյան, վերջիվերջո ի՞նչ պիտի լինի»: Ասում եմ` անզոր եմ ես, նկատողություն եմ ստացել»:
Սարգիս Խաչատրյանը հիմա էլ որոշել է դասարանները չկոմպլեկտավորելու համար դրսից օգնություն, հավելյալ ֆինանսներ գտնել: «Գյուղում մեծահարուստներ կան, հիմա հաշվել եմ, տարեկան 1 մլն դրամ է անհրաժեշտ, որ այդ դասարններն առանձին լինեն: Եթե մարդիկ լինեն, որ օգնեն… միակ փրկությունը դա է, երկկոմպլեկտ մնալով, մենք ժամանակ ենք կորցնում, ուրիշ ոչինչ: Հիմա մի քանի քայլեր էլ կձեռնարկեմ, տեսնենք ինչ կլինի»,- ասում է նա:
Դիտարկմանը, թե ոլորտի պատասխանատուները պնդում են, որ ուսուցման մեթոդների ճիշտ ընտրության դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել, տնօրենն աձագանքում է. «Շատ կներեք, բայց ձևեր են թափում, իրենց արդարացնում են: Դրա դրականը ո՞րն է: Տեղեկագրերում էլ ենք կարդում, բա` դրական կողմեր ունի, օրինակ, 6-րդ դասարանցիները կարող են կրկնել 7-րդ դասարանցիների թեմաները, և այլն: Եղբայր, ուսուցման ժամանակ ի՞նչ կրկնության մասին է խոսքը: Այնքան պրիմիտիվ պատճառներ են, ոչ մի դրական կողմ չունի, բացարձակապես: Ինչ վերաբերւմ է այդ համագործակցային, կոլեկտիվ մեթոդին, հեքիաթ է: Աշակերտը փոխանակ սովորի, պիտի սովորեցնի՞ ցածր դասարանի աշակերտներին»:
Աշակերտների քանակի պակասի պատճառով Վազաշենի դպրոցում կոմպլեկտավորված են 5-րդ և 6-րդ դասարաններն ու 7-րդ, 8-րդ դասարանները: «Պատկերացրեք, 45 րոպեի ընթացքում, երբ ուսուցիչը երկու դասարանի հետ է գործ ունենում, ուսման որակի հերն անիծվում է: Ես չեմ կարողանում այդ դասարաններում դաս լսել: 45 րոպե ուսուցիչն ինչ ի վիճակի է, տալիս է, բայց արդյունքը` զրո: Չորս տարի մի աշակերտը երկկոմպլեկտ դասարանում սովորի… ո՞նց կլինի: Սա է մեր դպրոցի հիմնական ցավոտ տեղը»,- շեշտում է Սարգիս Խաչատրյանը:
Դպրոցը դասագրքերի խնդիր չունի, պատվերները տալիս են, բերում են. «Իսկ եթե լինում է, հարևան գյուղերի հետ կապ ենք հաստատում, նրանց ավելը մեզ ենք բերում, մերն` իրենց ենք տալիս: Երևանից էլ իրենց ուզած գրքերն են ուղարկում: Այդ հեղինակների մրցակցությունն էլ հոգնեցրել է: Մի գիրք են պատվիրում, գնում ենք Իջևան, ասում են` Երևանից այս մեկն են ուղարկել: Մենք էլ հարևան գյուղերով ենք լուծում խնդիրը»,- ներկայացնում է նա:
Տնօրենը որոշել է ծնողխորհրդի նախագահի հետ դիմել Համահայկական հիմանդրամին, մի քանի տեխնիկական խնդիրներ ունեն, որ դպրոցն իր ուժերով ի վիճակի չէ կարգավորել. «Դահլիճ ունենք, որ ծնողական ժողով կամ միջոցառումներ ենք անում, մի քանի ժամ տևողությամբ միջոցառումները ոտքի վրա ենք անցկացնում: Մոտ 150 աթոռ է անհրաժեշտ դպրոցին: Ուսուցչանոցում էլ, ճիշտ է աթոռներ կան, բավարարում են, բայց քարե դարից բազմոցներ ունենք: 15 տարի է` գործում է դպրոցը, նույնիսկ ընթացիկ վերանորոգում չի կատարվել: Տարբեր օգնությունների շնորհիվ կարողացել ենք դպրոցը դպրոց դարձնել: Սպորտային գույքն ունեմ, ինտերնետային կաբինետ` ևս: Լաբորատոր սարքավորումների խնդիրը դե ամբողջ երկրում է, քիմիայի և ֆիզիկայի սարքավորումներն են, որ շատ հնացած են»:
Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցն ունի 101 աշակերտ և 19 ուսուցիչ: 12-րդ դասարանն այս տարի ավարտել է 4 աշակերտ, առաջին դասարան ընդունվել են 11-ը:
Նյութեր թեմայով՝
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Եթե ուսուցիչը դասի նպատակը ճիշտ չի ընտրել, հաստատ ոչ մի մեթոդ նրան օգնել չի կարող. Դպրոցի տնօրեն
«Հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ ». Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիր կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան