Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
Սիրիահայ Ժիրայր Տոնապետյանը չորս տարի առաջ որոշեց տեղափոխվել հայրենիք: Եկավ Հայաստան և ուղևորվեց Արցախ: Ընտանիքը որևէ Եվրոպական երկրում ապաստանելու փոխարեն տան հիմքը Քաշաթաղում` Ողջի գետի աջ ափին գցեց։
Կովսական քաղաքի կլիման շատ չէր տարբերվում սիրիական Ղամշլիի կլիմայից, որտեղ ծնվել ու մեծացել էին Ժիրայրի երեխաները: «Նախապես չէինք որոշել, որ հենց Կովսականում կմնանք: Եկանք, տեսանք, որ կլիման լավ է, հողատարածք կա, գյուղատնտեսությամբ էլ կարող ենք զբաղվել: Հարմարվեցինք, մնացինք: Ղեկավարությունը լավն է, ժողովուրդը` նույնպես: Մենք ամեն ինչ ունենք, տուն` իր հարմարություններով, ապրում ենք շատ լավ»,- նշում է նա:
Ժիրայրի ընտանիքը հայրենիքում վերաբնակեցվեց մինչև Սիրիայում պատերազմի սկսվելը: Պատերազմից չէր փախել, հատուկ եկել էր ազատագրված հայրենիքը շենացնելու: «Արհեստավոր էի, գործս այնտեղ լավ էր, բայց ուզեցինք տեղափոխվել Արցախ»,- ասում է նա և նշում, որ Սիրիայում դեռ երկու եղբայր ու երեք քույր ունի, իսկ մյուս եղբայրն էլ` Ազատ Տոնապետյանը Կովսականում է ապրում:
Հարազատները չեն գալիս, քանի որ դժվարություններ կան` անձնագրի և վիզայի հետ կապված, չեն կարողանում Հալեպի հյուպատոսարան գնալ կամ Դամասկոսի դեսպանատուն հասնել: «Բարեբախտաբար պատերազմն ու ահաբեկիչները դեռ Ղամշլի չեն հասել: Մայրս անցած շաբաթ գնաց»,- Panorama.am-ի թղթակցին պատմում է Ժիրայրը:
Կովսականում հայրենադարձ ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում` ցորեն, գարի, սիսեռ են մշակում: Կինը Սիրիայում ուսուցչուհի էր աշխատում, բայց չորրորդ երեխան ունենալուց հետո որոշեց նրանց խնամքով զբաղվել, հիմա էլ տան գործերով է:
Յոթը զավակով սեղան նստելու տատերի օրհնանքը կատարվել է, իսկ Ժիրայրի յոթ երեխաներն Արցախում իրենց շատ լավ են զգում: Երկու երեխաներն ուսանող են Երևանում: Ամենափոքրը` Սամվելը, ինը տարեկան է, իսկ մեծ տղան հայրենիքն է պաշտպանում, զինվոր է:
Հայրենիքն ընտրած Ժիրայրը որոշել է` Արցախից չեն գնալու. «Հիմքն այստեղ ենք դրել»:
Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Կարդացեք նաև՝
Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում
«Աշխատանք էլ չգտնեմ, չեմ գնա Հայաստանից». Սիրիահայերի համար կազմապերպված աշխատանքի տոնավաճառ