Բարոյական վնասի փոխհատուցման մասին ՍԴ որոշումը հասանելի է
Նոյեմբերի 5-ին ընդունված Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն, փաստորեն Հայաստանում ներդրվում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, արդեն հասանելի է և ամբողջությամբ տեղադրված է ՍԴ պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն, արգելափակելով արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչվել էր ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր:
ՍԴ որոշման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ անձի արժանապատվությանը, պատվին, գործարար համբավին պատճառված վնասի դրամական հատուցման կանոնակարգումները վերաբերում են հենց բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտին. նման ինստիտուտ նախատեսված է մասնավորապես, ՌԴ, Խորվաթիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովենիայի, Իսպանիայի և այլ երկրների օրենսդրությամբ:
ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են բարոյական վնասի փոխհատուցման բազմաթիվ դեպքեր, սակայն նշված ինստիտուտն ամբողջական կանոնակարգման ենթարկված չէ, ինչը թույլ չի տալիս օրենսդրական ներդաշնակություն ապահովել նման վնասի նյութական փոխհատուցման դեպքերի, հիմքերի և կարգի կանոնակարգման հարցում, ինչը իր հերթին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը:
Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի թերի կարգավորումը համահունչ չէ ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:
Միաժամանակ ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Նշենք, որ հակասահմանադրական ճանաչված հոդվածում բարոյական վնասի մասին չէր խոսվում, իսկ «վնաս» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»:
ՍԴ որոշումը՝ այստեղ
Հարակից հրապաարկումներ.
ՍԴ-ն ամրագրել է, որ Հայաստանում բարոյական վնասը չփոխհատուցելը հակասահմանադրական է
Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման պահը հասունացել էր. Արա Ղազարյանը` ՍԴ որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները