Ինչու են նախկին ոստիկանապետի որդու գործով դատերը հետաձգվում. Փաստաբանը միտումներ է տեսնում
Վերջին շրջանում արդեն երկու անգամ անընդմեջ հետաձգվում են Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու` Հարություն Սարգսյանի գործով դատական նիստերը: Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դրանում միտում է տեսնում:
«Ակնհայտորեն ձգձգում են դատական նիստը և արդեն շատ վաղուց: Իհարկե, պետք է նշել, որ գործի քննության ողջամիտ ժամկետները վաղուց արդեն անցել են: Շուտով արդեն մեկ տարի կլինի, որ գործի դատաքննությունն ընթացքի մեջ է, բայց ակնհայտ է, որ ձգձգում են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դատական նիստերի ձգձգումների փաստը մեկնաբանեց փաստաբան Սահակյանը:
Նա չի կարող ենթադրել, թե ինչ նպատակով իր պաշտպանյալ Հարություն Սարգսյանին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից չեն տեղափոխում Գյումրիի դատարան, բայց նկատում է, որ դրանց պատճառաբանությունները ձևական բնույթ ունեն:
«Պատճառաբանությունները ձևական բնույթ ունեն: Նոյեմբերի 19-ին դատական նիստին չբերեցին, որովհետև ասացին, որ ավտոմեքենան է խափանվել: Նոյեմբերի 20-ին, օրինակ, դատական նիստը չի կայացել, որովհետև ասել են, որ կալանավորին չեն կարողացել տեղափոխել Գյումրի` պատճառաբանելով, թե ուշ ժամ է եղել և կալանավորին չեն կողացել տեղափոխել, իսկ եթե առավոտյան էլ իրենք բերեին, արդեն ուշ կլիներ: Հակասական բան է ստացվում. վերջին շրջանում նրանք հենց առավոտյան են Հարությունին տեղափոխում Գյումրի և ժամը 2-ին դատական նիստը կայանում էր», -նկատեց փաստաբանը` ընդգծելով, որ հաջորդ նիստը նշանակվել է մյուս չորեքշաբթի, այն դեպքում, երբ պայմանավորվածություն է եղել, որ նիստերը տեղի ունենան երեքշաբթի օրերին:
«Թեպետ ես չեմ հավատում, որ այս դատարանն այն դատարանն է, որ կարողանա արդար դատական ակտ կայացնել ու արդարացնել, բայց եթե նույնիսկ այդպիսի միտում կա, ապա նրանք ակնհայտորեն ձգձգում են, որպեսզի Հարություն Սարգսյանը ավելի երկար գտնվի անազատության մեջ: Կամ նրանք ունեն այլ նպատակներ, որը մենք դեռևս չենք կարողանում հասկանալ: Երբ միջնորդություններ կներկայացնեն, նոր միգուցե կհասկանանք, թե ինչ նպատակով են ձգձգում դատական նիստը», -նկատեց Լուսինե Սահակյանը:
Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) հատկանիշներով հանցանք գործելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, Հարություն Սարգսյանը դիտավորյալ սպանել է Կարեն Եսայանին խանդի հողի վրա. նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն այդ նպատակով 2012թ փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: Ըստ մեղադրանքի, 2012թ մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը 2012թ ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:
Ի սկզբանե Հարություն Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Դատարանում Հարությունի մեղքն ապացուցող որևէ հանգամանք չի բացահայտվել, ավելին` Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը, ասել էր, որ «իրենց» աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, շատերն են հավանել և եկել են ուզելու ու այն հանգամանքը, որ Հարությունի ընտանիքը ևս եկել է «աղջիկ ուզելու», դա չի նշանակում, որ նա մարդ է սպանել: Նա հորդորել է դատարանին՝ թողնել «էս մարդուն» և հետաքննություն անել ու պարզել:
Նախորդող հրապարակումներ.
Արմեն Եսայանը դեմ է եղել, որ եղբայրը ամուսնանա Վարդան Ղուկասյանի դստեր հետ. Նոր մանրամասներ ցուցմունքից
Սպանված Կարեն Եսայանի մեքենայի դռները բաց են եղել, ինչ-որ մասեր էլ հանված
Դրանք Հարություն Սարգսյանի մատնահետքերի հետ չեն համընկնում. Դատարանում դիտել են ավտոլվացման կետի կադրեր (տեսանյութ)
«Խնդրում եմ, դատական նիստում կարգը պահպանեք». Շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատը