Պուտինի այցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԿԳ նախարարությունների ստորագրած հուշագրի մանրամասները
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունները կձեռնարկեն համաձայնեցված միջոցառումներ միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության հետագա զարգացման գործում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ծրագրեր կիրականացնեն:
Այս մասին ասվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՌԴ կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագրում, որը կնքվել է ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ:
Panorama.am-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը ներկայացրեց հուշագրի մանրամասները: «Կմշակվի համատեղ միջոցառումների ծրագիր՝ մեր միջնակարգ կրթության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի և գրականության ուսումնասիրման, դասավանդման ու համապատասխանաբար ՌԴ միջնակարգ կրթության ուսումնական կազմակերպություններում հայոց լեզվի և գրականության ուսումնասիրման, դասավանդման աջակցության նպատակով»,- ասաց նա:
Տիգրան Սահակյանը նշեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության դասավանդումն ունի իր ավանդույթները, բազան, մեթոդիկան և այլն: Այժմ փորձ է արվում դա ավագ դպրոցի շրջանակներում խորացնելու, ավելի լուրջ հիմքերի վրա դնելու: «Բոլոր մարդիկ, ովքեր կուզենան ավելի խորացված սովորել ռուսաց լեզու և գրականություն, հետագայում այդ մասնագիտությամբ կշարունակեն բարձրագույն կրթությունը, բնականաբար, մենք կունենք դպրոց, որտեղ արդեն խորացված կսովորեն ռուսերեն և գրականություն»,- ասաց նա: Տիգրան Սահակյանը հայտնեց, որ ուսուցիչների, այդ ոլորտի գիտնականների, մեթոդիստների, դասավանդողների փոխայցեր ու փոխանակումներ կլինեն:
Հուշագրում արծարծվում է նաև Երևանում ռուսական գիմնազիայի բացման հարցը: Ըստ հուշագրի` կողմերը այդ ուսումնական հաստատության գործունեության աջակցության հարցերով կիրականացնեն համաձայնեցված միջոցառումներ, որում ուսումնական գործընթացը կիրականանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության` ընդհանուր և միջնակարգ կրթության պետական չափանիշներին համապատասխան, ռուսերենով` հայերենի, հայոց պատմության և Հայաստանի մշակույթի, ինչպես նաև օտար լեզուների ՀՀ քաղաքացիների համար հայերենով պարտադիր ուսուցմամբ:
Տիգրան Սահակյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ գիմնազիայում մեր չափորոշիչներին համապատասխան պետք է հայագիտական առարկաներ դասավանդվեն: Իսկ գիմնազիայի բացման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն. «Մենք սպասում ենք, նախարարների հանձնարարությամբ աշխատանքային խմբի նիստ կլինի, կքննարկենք հնարավոր տարբերակներն ու կարագացնենք գործընթացը»: Կստորագրվի կոնկրետ համաձայնագիր գիմնազիայի բացման վերաբերյալ, որով արդեն կստեղծվի և կգործի այն:
Նշենք, որ հայկական կողմը այս ծրագրի իրականացման շրջանակներում Վարժարանի բացման և գործունեության համար տրամադրում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող կառույց` առանց վարձակալության գումարի գանձման, ինչպես նաև հողակտոր ուսումնական և փորձարարական, հանգստյան, տնտեսական, մարզական գոտիների համար:
Հարցին` կա՞ն նախագծեր Ռուսաստանում հայկական ուսումնական հաստատություններ հիմնելու վերաբերյալ, Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը պատասխանեց. «Ռուսաստանում մենք ունենք հայկական գաղթօջախներին կից կրթական հաստատություններ: Այժմ մենք առաջարկում ենք, որպեսզի Ռուսաստանի հանրակրթական հաստատություններում Հայոց լեզուն մտցվի որպես առարկա: Դա լինի ավելի կանոնակարգված, ոչ թե մեր կրթօջախների կողմից տրամադրվող, այլ դառնա իրենց հանրակրթական դպրոցների առարկայակազմի բաղկացուցիչներից մեկը»: Նա նշեց, որ այս առաջարկը միջկառավարական համաձայնագրում է և պարտադիր կատարման հանձնարարական է, այժմ պետք է դա իրականացնելու մեխանիզմը մշակվի:
Կարդացեք նաև`
ԿԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացին
Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը` ՀՀ-ում. Ո՞րն է ռուսական երկրորդ բուհն ունենալու անհրաժեշտությունը
Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը
ՀՀ-ն ու ՌԴ-ը սերտ համագործակցություն ունեն կրթական ոլորտում. Միջկառավարական համաձայնագիր կա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա