Պարտադիր կուտակային վճարի ճակատագիրը ՍԴ-ն կորոշի մինչև հունվարի 25-ը
Հայաստանի Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը քննության կառնի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը՝ մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է դեկտեմբերի 26-ին ՍԴ աշխատակարգային նիստում կայացված որոշումից, մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության կառնի նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» արդեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:
ՍԴ աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը, ՍԴ-ն որոշել է դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը: Պատասխանող կողմը դատարանում կներկայացնի Ազգային ժողովի ներկայացուցիչը:
ՍԴ-ն իր այս որոշմամբ պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն ու Կենտրոնական բանկին մինչև հունվարի 10-ը տրամադրել օրենքին, դրա իրագործմանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր: Իսկ ՍԴ խորհրդական Գ. Դանիելյանին և աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում տվյալ գործով զեկուցողներին և ՍԴ անդամներին ամփոփ տեղեկանք ներկայացնել միջազգային պրակտիկայում քննության առարկա հիմնախնդրի սահմանադրաիրավական լուծումների, վերջին տարիներին դրանց զարգացումների, Արևելյան Եվրոպայի երկրներում տնտեսական ճգնաժամի պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործուղության իրավակարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքի մեծ ալիք էր սկսվել, խորհդարանում հարցի քննարկման ժամանակ դրսում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել: Պարտադիր բաղադրիչի դեմ էին արտահայտվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Փաստաբանների պալատը: Մասնավորապես, Փաստաբանների պալատը համակարծիք էր չորս խմբակցությունների՝ ՍԴ ներկայացված դիմումում նշված որոշ դրույթների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան