Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է բարեփոխել կառավարման համակարգը (Տեսանյութ)
Այսօր հանրությանը և Հայաստանի նախագահին է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մշակած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց հայեցակարգի նախագծի մի քանի առանցքային դրույթներ:
Հայեցակարգը մշակելիս, հանձնաժողովը փորձել է համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը Հայաստանում, այնուհետև հստակեցնել բարեփոխումների հիմքում դրվող հիմնական սկզբունքները:
«Որպեսզի հանձնաժողովը կարողանար արդյունավետ աշխատել, չափազանց կարևոր էր, որ կարողանար օբյեկտիվ իրականության իրատեսական գնահատումից ելնել, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում և միջազգային պահանջները ինչ են թելադրում, հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Հայեցակարգի նախագծում կարևորագույն սկզբունքը իրավունքի գերակայության երաշխավորումն է, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրական նախադրյալների ամրապնդումը:
«Ինձ համար մասնավորապես, սա ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որովհետև ես խորապես համոզված եմ, որ մեր իրականության մեջ շատ խնդիրներ, մասնավորապես կապված անձի ու իշխանության հանրային վարքագծի հետ, և ընդհանրապես շատ առանցքային խնդիրներ թաքնված են այս խնդրի լուծման մեջ, թե ինչպես մենք կկարողանանք այդ սկզբունքը իրացնել մեր կյանքում», -հավելեց Հարությունյանը:
Հաջորդ կարևոր սկզբունքը, որը նախատեսվում է հայեցակարգով, մարդու հիմնարար ազատությունների անմիջապես գործողության ապահովումն է:
«Ճիշտ է մենք Սահմանադրության երրորդ հոդվածով այս սկզբունքը ամրագրել ենք, բայց այն կարծեք թե մնացել է զուտ ցանկության մակարդակով: Դա պետք է հնարավոր լինի իրացնել և սահմանադրորեն երաշխավորել», -նկատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը:
Նա առանձնացրեց նաև սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքների ապահովումը: Այս հարցում, ըստ Հարությունյանի, ներկայիս Սահմանադրության մեջ բաց կա, որը պետք է փորձ արվի լրացնել:
Ինչ վերաբերում է Հայաստանում կառավարման համակարգին, ապա ինչպես Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, մասնագիտական հանձնաժողովում վերջնական միասնական դիրքորոշում չի դրսևորվել կառավարման համակարգի վերաբերյալ, և հանձնաժողովը փորձել է առաջադրել մոտեցումը հետևյալ սկզբունքով` կա կառավարման գործող համակարգ, որը պետք է բարեփոխվի:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման խորհրդարանական ձևի այլընտրանքային մոտեցում է ներկայացրել, որի վերաբերյալ մասնագիտական հանձնանժողովը իր դիրքորոշումը կհստակեցնի միայն հանրային քննարկումներից հետո:
«Նախագծով չի նախատեսվել անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Նախագծով առաջին հերթին նախատեսվում է բարեփոխել ներկայիս կառավարման համակարգը և դրա համար արվում են կոնկրետ առաջարկներ», -նկատեց Գագիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ հանձնաժողովի առաջարկած այլընտրանքը խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ կքննարկվի հանրության հետ և հետո միայն հնարավոր կլինի ընդհանուր եզրահանգման գալ:
«Վերջին հաշվով կառավարման ձևի ընտրությունը իրավաքաղաքական խնդիր է և դրանից ելնելով մենք թողեցինք քննարկումների ավելի լայն դաշտ, որի ժամանակ վերջնական կկողմնորոշվենք», -ներկայացրեց Հարությունյանը:
Նախապես ծրագրված էր, որ հայեցակարգի ավարտուն տեսքը պետք է ներկայացվի ապրիլի 20-ին, սակայն հանձնաժողովը խնդրել է նախագահին հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը, ինչին Սերժ Սարգսյանը համաձայնել է:
«Մենք կկազմակերպենք լուրջ հանրային քննարկումներ մասնագիտական լսարաններում, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների, քաղաքացիների մասնակցությամբ», -նշեց Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Սահամանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015թ-ի վերջին կամ 2016թ-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017թ-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018թ-ին նախագահական:
Նախորդող հրապարակումներ`
Մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում. Սերժ Սարգսյան