«Facebook»-յան գրառման համար Մութաֆյանը ստիպված է ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ վերջերս արվեստագետներն ընդդեմ Լևոն Մութաֆյանի գործով վճիռ է կայացրել: Դատարանը մասնակիորեն բավարարել է պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին արվեստագետների հայցը: Դատարան հայց ներկայացրած արվեստագետները 6-ն են` Գուրգեն Մուշեղյան, Ռուբեն Արևշատյան, Սարո Գալենց, Աննա Երզինկյան, Մարգարիտա Ռուխկյան և Տարոն Մուրադյան:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ դատարան դիմելու շարժառիթը արվեստագետների համար եղել էին Մութաֆյանի մտքերը, որը նա արտահայտել էր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այստեղից էլ նրա հայտարարությունը արտատպել էին «blognews.am» և «pressing.am» կայքերը:
Հայցվորներն իրենց դիրքորոշմամբ պնդել են, որ նշված կայքերում հրապարակվել են նյութեր, որոնցում Մութաֆյանը վիրավորում ու զրպարտում է հայցվորներին՝ ՀՀ Նախագահի «Արվեստ» անվանակարգի մրցանակի հանձնաժողովի անդամներին՝ մեղադրելով այն բանում, որ «որոշել ենք մրցանակը տրամադրել Հենրի Էլբակյանին, քանի որ Հենրի Էլբակյանը խոստացել է մեզ նվիրաբերել մրցանակային ֆոնդի կեսը»։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով (անձի պատիվը և արժանապատվությունը արատավորելը) էլ հայցվորները դիմել են դատարան: Մութաֆյանի մյուս արտահայտությունը, թե «…հեռու լինելով թատերարվեստից, չունենալով մասնագիտական պատրաստվածություն միաժամանակ առաջնորդելով թայֆայական շահերով՝ այս հանձնախումբը բացարձականորեն պատերազմ է հայտարարել թատրոնին և կինոյին՝ յուրովի սեփականաշնորհելով նախագահի մրցանակը…», վիրավորական է: Ըստ հայցվորների պատասխանող Մութաֆյանը վիրավորել և զրպարտել է իրենց, արատավորել է իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ մեղադրելով որպես արվեստագետների հակաարվեստային սկզբունքներ ներդնելու ու դրանցով առաջնորդվելու, արվեստի այլ տեսակների դիմաց արգելքներ դնելու և այլ արարքների մեջ։
Այս ու այլ արտահայտությունների համար հայցվոր կողմը դատարանից խնդրել է պարտավորեցնել Լևոն Մութաֆյանին վիրավորանքի համար հայցվորներից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այս կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում «blognews.am» և «pressing.am» կայքերի միջոցով լրիվ հրապարակել դատարանի վճիռը և պատասխանող Լևոն Մութաֆյանից հօգուտ հայցվորների բռնագանձել փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ` հետևյալ չափերով` հօգուտ Գուրգեն Մուշեղյանի` 200.000 ՀՀ դրամ, հօգուտ Ռուբեն Արևշատյանի` 160.000 ՀՀ դրամ, հօգուտ Սարո Գալենցի` 160.000 ՀՀ դրամ, հօգուտ Աննա Երզինկյանի` 160.000 ՀՀ դրամ, հօգուտ Մարգարիտա Ռուխկյանի` 160.000 ՀՀ դրամ, հօգուտ Տարոն Մուրադյանի` 160.000 ՀՀ դրամ:
Իսկ ահա զրպարտության համար այս վճիռն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում վերոնշյալ կայքերով հրապարակայնորեն հերքել դրանցում տեղադրված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ ըստ հայցադիմումին կից ներկայացվող տեքստերի, ինչպես նաև Լևոն Մութաֆյանից հօգուտ հայցվորների բռնագանձել փոխհատուցում 2.000.000 ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, պատասխանող Լևոն Մութաֆյանը դատական նիստերին չի ներկայացել, թեև Panorama.am-ին ավելի վաղ ասել էր, որ անհիմն է համարում իր դեմ ներկայացված հայցը ու դրան վերաբերում է հեգնանքով: Հետևաբար, դատարանը գործի քննությունը շարունակել և ավարտել է պատասխանող կողմի բացակայությամբ։ Իր ֆիզիկական ներկայության փոխարեն Մութաֆյանը դատարանին մի քանի կետից կազմված պարզաբանում է ներկայացրել, որում նշել է, որ ինքը վիճահարույց հոդվածում անուններ չգի րել, հետևաբար ինքը որևէ կերպ նրանց պատիվն ու արժանապատվությունը չի վիրավորել:
Գործով երրորդ անձ ճանաչված վերոնշյալ երկու լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս չեն ներկայացել դատարան:
Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման` հիմնվելով նախ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի վրա. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են», այնուհետև համադրել է Մայր օրենքի 27-րդ և 42-րդ հոդվածների հարաբերությունը, մասնավորապես` այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ամրագրելով տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքը, միաժամանակ մեկ այլ` 42-րդ հոդվածով սահմանափակում է 27-րդ հոդվածով սահմանված ազատությունը, որի իմաստից հետևում է, որ նշված ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով և կիրառվել այնքանով, որքանով դա չի խախտում այլոց իրավունքները` դրանով իսկ բացառելով ազատության իրավունքի չարաշահումն ու անձի իրավունքների ու ազատությունների խախտումը:
Ըստ դատարանի եզրակացության, դա նշանակում է, որ եթե ներպետական օրենսդրությամբ սահմանված է խոսքի ազատության որոշակի սահմանափակում` կապված տարածված տեղեկատվությունն անձի վերաբերյալ զրպարտանք կամ վիրավորանք պարունակելու հետ, ապա տեղեկատվություն տարածողի ազատությունը նման տեղեկություններ տարածելու մասով սահմանափակված է: Ավելին, օրենքով սահմանված կարգով առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն` վնասի փոխհատուցման ձևով։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացնելիս հիմնվել է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա ևս:
Ըստ դատարանի վերլուծության, չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների և արտահայտությունների նույնիսկ մոտավոր ցանկ չի սահմանում, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, իրականացնում է արդարադատություն։ Եթե տարածված տեղեկությունները, արտահայտությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող։
«Կասկածից վեր է, որ օրինակ, նկարիչների մաֆիան, հանձնախմբի անդամները հեռու են թատերարվեստից, չունեն մասնագիտական պատրաստվածություն և առաջնորդվում են ինչ-ինչ շահերով, բարոյապես անմաքուր և հոգով պոռնիկ, ծախու և կաշառակեր` արտահայտությունները չեն տեղավորվում բանական մարդու բարոյական նորմերի արժեհամակարգում և բնականաբար, եթե տվյալ արտահայտություններն արված են հրապարակային կերպով, ապա հետապնդում են մարդու պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ։ Հոդվածի վերլուծությունից նաև հստակ երևում է, որ հեղինակն ի սկզբանե հետապնդում է անձի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, քանի որ ամբողջ հոդվածն ուղղված է հայցվորների դեմ և առհասարակ, հեղինակը դա չի թաքցնում», -փաստել է դատարանը` ընդգծելով, որ այդ արտահայտությունները հեղինակն արել է հրապարակային:
Այսպիսով, դատարանը հայցվորների պահանջը բավարարել է մասնակիորեն` վերապահումներ անելով 3 մլն դրամ փոխհատուցման մասով:
Մասնավորապես, դատարանը իր վճռով պարտավորեցրել է Լևոն Մութաֆյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներ Գուրգեն Մուշեղյանից, Ռուբեն Արևշատյանից, Սարո Գալենցից, Աննա Երզինկյանից, Մարգարիտա Ռուխկյանից և Տարոն Մուրադյանից վիրավորանքների համար: Այնուհետև վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում «blognews.am» և «pressing.am» կայքերի միջոցով անմիջապես հետո դատարանի առաջարկած բովանդակությամբ հերքում տպագրել, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող Լևոն Մութաֆյանին հայցվորներին վիրավորանք հասցնելու համար վճարել փոխհատուցում ընդհանուր գումարով 50.000 ՀՀ դրամի չափով` յուրաքանչյուրին 8 հազարական դրամով, իսկ զրպարտության համար` 100.000 ՀՀ դրամի չափով` Գուրգեն Մուշեղյանին` 25 հազար դրամով, իսկ մյուսներին` 15 հազարական դրամի չափով:
Առաջին ատյանի դատարանի կայացրած այս վճիռը հնարավոր է բողոքարկել մեկամսյա ժամկետում:
Հարակից հրապարակում`
«Facebook»-յան գրառման համար Մութաֆյանից 3 մլն դրամ են պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան