Սեյրան Օհանյան. Խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա
«Արցախը գրեթե միակ հակամարտող գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա, մենք ինքներս մեր ուժերով կարող ենք լուծել բոլոր խնդիրները»,- անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին շրջանառվող լուրերին` ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է ազատամարտիկների հավաքագրմանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանք միշտ լինելու են հայկական ԶՈՒ շարքերում, պաշտպանելու են հայրենիքը, թեև կոնկրետ այսօր դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ «մեր զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են»: Բայց անշուշտ կարևոր ու ոգեպնդող է ազատամարտիկների շփումը զինծառայողների հետ:
Նախարարն ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ն միշտ հարձակողական բնույթի քաղաքականություն է իրականացրել: Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, ինչպես նաև Հայաստանը և ԶՈՒ հենց դրա համար է ստեղծված:
«Բայց այսօրվա ռազմական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է: Թեև, որ սկսվի` մենք պատրաստ ենք»,- հավելեց նա:
Իսկ վերջում Սեյրան Օհանյանն ասաց. «Ես հպարտ եմ ՀՀ ԶՈՒ-ով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն ինձ վրա է դրված: Բանակն արդեն քսան տարուց ավելի իր ստորաբաժանումներով կայացած ու թրծված կառույց է: Ոչ մի շքանշան, պատվավոր աստիճան չի կարող փոխարինել այն, որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը կանգնած են մեր կողքին ու թիկունքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները