Չպահպանված հուշարձաններ. Աբաս միրզայի մզկիթի պատն այլևս մատաղ է արված
Հիմա որ գրեմ, պիտի ասողներ հայտնվեն` մարդուն բանի տեղ չեն դնում, կիսաքանդված հին պատն ինչ է որ: Կամ` երկրում ինչն է օրենքով որ: Նման կամ հակառակ բաներ: Թե ինչ պիտի պատասխանեն պատկան ու պատասխանատու մարմինները` պարզ է թեկուզ Փակ շուկայից, երբ խոստովանեցին, որ ապօրինություն ու հանցանք է կատարվել ու ուժ, կամք, ազնվություն ու գոնե աշխատանքային պարտաճանաչություն չունեցան հանցագործին պատժելու:
Կամ` Աֆրիկյանների ակումբը: Քանդեցին, իբր այլ տեղում կառուցելու համար: Հիմա միլիոնններ են հատկացնելու այդ նոր տեղում արդեն անիմաստ դարձած շենքերի վերակառուցմանը: Ո՞ւմ է պետք: Երբ կնճռապատ մերիկին սպանում են, ո՞վ է մխիթարվում նոր ու բոտեքս արած «մամայով»: Ո՞ւմ են պետք նոր շենքերը` նոր քարերով, անկենդան ու դատարկ` առաջվա Երևանին թանկով նվիրված գերեզմանների պես: Նոր քարերով, որովհետև համարակալած քարերը չպահպանվեցին:
Ի դեպ` Աֆրիկյանների ակումբը մտնում էր Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մեջ` ասել է, թե շարժել էլ չէր կարելի: Սա` եթե նույնիսկ վերականգնվի:
Հիմա ասեմ ինչ էի գրում.
149. ՄԶԿԻԹ ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ (ՍԱՐԴԱՐԻ) 19 դ. սկզբ Խորհրդարանի փող. 40 Հ Պահպանվել է մույթը
Այս հուշարձանը այլևս չկա: Ընդհանրապես: Քանդել են, տեղը «կանաչավուն» թմբիկ են արել` հավանաբար կշտացնելու քաղաքացիների կանաչ տարածքների պահանջը, կառուցելու «ավելի լավ Երևան»… Ո՞ւմ Երևանը:
Երկուշաբթի օրը կսկսենք «անհանգստացնել» մշակույթի նախարարությանը (բայց ի՞նչ պիտի ասի` «տեղյակ չենք» ու վերջ), ոստիկանությանը, դատախազությանը, կառավարությանը, քաղաքապետարանին… Կասեն` դիմեք գրավոր: Կասեն` դեռ տեղյակ չենք, ժամանակ է պետք, որ ճշտենք: Կասեն` մենք չենք պատասխանատուն: Ի վերջո` այլևս ի՞նչ կարող են պատասխանել, ինչ-որ նո՞ր բան կպատասխանեն, կլինե՞ն մեղավորներ ու պատժվողներ… Տեսնենք: Նույնիսկ պատասխանը կանխագուշակելով` սա մեր աշխատանքն է:
Թեպետ` գրելով չի, էլի: Բաներ կան, որ ամենևին գրելով չի…
Հ.Գ.- Պատի լուսանկարը չունեինք արխիվում, որ նյութի հետ դնեմ: Ու էլ չենք էլ ունենա:
Նկարը` այստեղից:
Ցավոտ թեմային առնչվող`
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում…
«Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
Քարմեջ արված Հին Երևան
և այլն
Ա. Ոսկանյան