Քաշունի. գյուղ, որտեղ մահանում են, բայց չեն ծնվում
Սյունիքի մարզի Քաշունի գյուղում, որը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա, մարդիկ միայն մահանում են. այստեղ վաղուց նորածին մանկան ճիչ չի լսվել: Գյուղում ապրում է 4 ընտանիք, որոնց անդամների թիվը միասին հասնում է 10 -ի: Գյուղի ամենատարեց՝ 97-ամյա բնակիչը վերջերս է մահացել:
79-ամյա գյուղապետ Գառնիկ Հակոբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ իրենց մոտ հիմա «ձուն ձմեռ է», գարնանային հողագործական աշխատանքների մասին չեն էլ մտածում:
«Ամենքս 500-1500 մետր ցանք ենք անում՝ կարտոլ, լոբի, կանաչի: Ուրիշ ոչ մի բան: Տասը մարդ ա ապրում, չորս ընտանիք: Ոչ մի բանով չեն զբաղվում: Երկու ընտանիք ամեն մեկը մի խոշոր եղջերավոր անասուն ունի, մյուս երկուսն էլ՝ մի քանի հատ ոչխար: Էդ ա, ուրիշ ոչ մի բան», -ներկայացնում է գյուղապետը:
Որոտան գետի աջ ափին գտնվող այս գյուղից երիտասարդները վաղուց հեռացել են, ծնողներին թողել են հայրենի եզերքի հետ, ձմռանը հյուրընկալում են իրենց տներում, իսկ ամռանն էլ հետ ճանապարհում գյուղ: Այդպիսին է նաև գյուղապետի ընտանիքը՝ յոթ երեխաներն իր կողքին չեն, գյուղից դուրս. «Կապանում են ապրում, Քաջարանի կոմբինատում էլ աշխատում են: Կամաց-կամաց վերանում ա մեր գյուղը, ի՞նչ խոշորացման մասին ա խոսքը, մեկ է, գյուղը վերանալու ա, էսօր չէ, մի տասնամյակ հետո վերանալու ա: Ծնունդ չկա, գյուղը արդեն չեմ հիշում՝ երբ է վերջին անգամ ծնունդ տեսել, հարսանիք չկա, մեծը մահանում ա, փոքրն էլ գյուղում չի ծնվում, չի զարգանում, չի աճում»:
Գյուղ չեն գալիս մշտապես բնակվելու, որովհետև, ըստ Հակոբյանի, գյուղում կյանքն աշխույժ չէ:
«Աշխույժ կյանք չկա, աշխույժ կյանքը մեր ժամանակներում ա եղել. 72 թվականից մեր աշխույժ կյանքը թաղել ենք, կոլտնտեսությունը վերացավ, դրա հետ վերացավ ազգաբնակչության 50 տոկոսը... գնացին: Կոլտնտեսության վարչության նախագահ ունեինք, վարորդներ ունեինք, բրիգադիր ունեինք: Գյուղի ինքնուրույնությունը վերացավ, մարդիկ էլ թողեցին, փախան: Հիմա էլ չես կարա վիճակը փոխես, չարդ տանեմ, դժվար ա, ուշ ա», -հիշում է փոքրիկ գյուղի ղեկավարը:
Գրեթե անշունչ գյուղին, Հակոբյանի խոսքով, «ամենակարող մարզպետը»` Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) նվեր է արել. վերանորոգվում է կուլտուրայի տունը:
«Շինություն ա, թող ըլնի էլի: Մի օր, շատ հետո, որ գաք գյուղ, կուլտուրայի տան դռները կբացեք, կասեք՝ ստեղ շունչ ա եղել, մարդիկ են ապրել ժամանակին», -գյուղի «ակումբի» վերանորոգումը արդարացրեց Հակոբյանը:
Սակավաթիվ բնակիչներով այս գյուղը քաղաքական անցուդարձից անմասն չէ՝ գոնե ընտրություններին մասնակիցներ ունենում է: Գյուղապետն էլ քաղաքական անձ է՝ Հանրապետական կուսակցության անդամ, ասում է՝ ամեն ինչ անում է, որ բնակիչները կարողանան ընտրություններին մասնակցել: Ասում է՝ ամեն ընտրություն իր համար մեծ հոգս է. «Վարձում ենք մեքենաներ, որ գյուղում հաշվառված, բայց այնտեղ չապրող մարդկանց Սյունիքի տարածաշրջանի տարբեր բնակավայրերից բերեն գյուղ, քվեարկեն, հետ տանեն իրենց տներ: Եթե ընտրությունները ամառն են լինում, լավ է լինում, իսկ ձմռանը՝ դժվար»: Գյուղում հաշվառված, բայց այնտեղ չապրող բնակիչները 24-ն են:
Դիտարկմանը, թե քիչ բնակիչներով գյուղ ղեկավարելը հավանաբար հեշտ գործ է, Հակոբյանը համաձայն է: «Առանձնապես բան էլ չեմ անում՝ տարեկան հողի հարկն եմ հավաքում», -հավելեց նա: Հարցին, թե հարկ էլ են վճարո՞ւմ, պատասխանեց. «Հողը զբաղացնում են, պտի տան: Ուզենք, չուզենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան