«ՍԱՊԾ-ն սխալի մասին ինքնախոստովանություն է արել»
Թուրքիայից ու Պակիստանից Հայաստան ներկրվող պտուղ-բանջարեղենը պարտադիր լաբորատոր հետազոտության ենթարկելու վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշումը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է այդ կառույցի ինքնախոստովանություն, որ այսքան տարի սխալ քաղաքականություն է վարվել: Նրա համոզմամբ, ցանկացած երկրից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղեն պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության:
«Ծառայության այս հայտարարությունն ապացույց է այն բանի, որ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետություն ներկրվում է պտուղ-բանջարեղեն, որի անվտանգությունը չի ստուգվում, և սա այն դեպքում, երբ նույն ռուսական կողմը արգելում է Թուրքիայից ներմուծել պտուղ-բանջարեղեն և կա տեսակետ, որ հենց արգելված ու վտանգավոր խմբաքանակն է Հայաստան բերվում մատչելի գնով: Իսկ հիմա հարցնում եմ, ո՞վ է պատասխան տալու սխալի համար»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ ծառայությունը երեկ հերքեց այդ տեղեկությունները:
Հայաստանը Թուրքիայից ներմուծում է լոլիլիկ, վարունգ, կիտրոն, թուրինջ, նարինջ, նուռ, մանդարին, Պակիստանից մանդարին և այլն:
Բ. Պիպոյանի համոզմամբ, նման որոշում ծառայությունն ընդունեց միայն ջերմոցատերերի, պտուղ-բանջարեղեն արտադրողների բողոքից հետո միայն:
«Մինչ նրանց բողոքը միշտ ասել եմ, որ այսպես գործել ուղղակի չի կարելի, որովհետև դրա հետևանքները շատ բացասական են լինելու, որովհետև պտուղ-բանջարեղենի արտադրությունը, որը զարգացնելու մասին հայտարարում են, արհեստական ձևով սարքում ենք անմրցունակ, բացի այդ, ի՞նչ է նշանակում Թուրքիայից Հայաստան ներմուծել սննդամթերք առանց լիարժեք դրա անվտանգությունը ստուգելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահը:
Պիպոյանը հիշեցնում է, որ ազգային անվտանգության բաղադրիչներից են նաև տնտեսական ու պարենային անվտանգությունը:
«Ի՞նչ է նշանակում վտանգել միանգամից անվտանգության երկու բաղադրիչ: Չի կարելի գլուխ գովալ, թե գործ են անելու, այն էլ կիսատ-պռատ: Փաստացի խոստովանում են, որ երկար տարի չեն ստուգել: Ես չեմ կարող ինքնախոստովանական քայլին դրական գնահատական տալ, խայտառակություն է: Սննդամթերքի անվտանգությունում սիրողական չի կարելի զբաղվել, ոչ պրոֆեսիոնալ գործողություններով տնտեսության հերն անիծում են»,-ասաց նա, ավելացնելով, որ շուկայում պետք է ներմուծված ու տեղական արտադրության պտուղ-բանջարեղենը տարբերակված լինեն:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին խոստացան պատասխանել, թե ինչու է այս պահին նման որոշում ընդունվել և ինչո՞ւ է այն վերաբերում հենց այդ երկու երկրից ներկրվող պտուղ-բանջարեղենի վրա:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Ջերմոցային տնտեսություն ենք զարգացնում, բայց հարևաններից մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ ենք ներմուծում
Չգիտենք, որտեղ արտադրված բանջարեղենն ենք ուտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան