Երևանյան մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու գործը դատարանում է
Նախորդ տարի աշնանը երևանյան 3 մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու մասին մեծ աղմուկ հանած քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարանում է: Գործը կքննվի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ գործով միակ մեղադրյալը երևանցի 29-ամյա Էդվարդ Մխիթարյանն է:
Ըստ նույն աղբյուրի, Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղթելով Երևանի քազաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով:
Այդ մսից 2014-ին մեղադրյալը մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին: Արդյունքում մանկապարտեզները 98750 դրամով գնել են կառավարության համապատասխան որոշման (Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին թիվ 1560-Ն որոշում) պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 212- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝(սպառողներին խաբելը խոշոր չափերով): Նույն օրենսգրքով, այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ՝
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին (Տեսանյութ)
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները