«Սարսափելի բան չկա». Ապրեսյանը՝ զբոսաշրջիկների թվի նվազման մասին
Այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի 4 տոկոս նվազումն Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը սարսափելի բան չի համարում:
«Սարսափելի բան չեմ տեսնում: Մենք ունեցել ենք նման դեպք 2012 թվականին, երբ առաջին եռամսյակում նվազումը կազմել էր 9 տոկոս: Սակայն տարեկան ցուցանիշը կազմեց 11.3 տոկոս աճ»,-Panorama.am-ին ասաց Մ. Ապրեսյանը:
Այն ժամանակ, նվազումը պայմանավորված էր Հայաստան եկած իրանցիների թվի կրճատմամբ, Իրանում ազգային արժույթը դոլարի համեմատ արժեզրկվել էր: Այս տարի էլ ռուբլին է արժեզրկվել, ու Հայաստան եկած ռուսների թիվն է նվազել:
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը օրեր առաջ հրապարակեց, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232 583 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 4.0%-ով:
Ապրեսյանը բացատրեց, որ խոսքը մոտավորապես 10 հազար զբոսաշրջիկի մասին է. «Այս տարի ռուբլու՝ դոլարի նկատմամբ արժեզրկումն է ազդել զբոսաշրջիկների նվազման վրա: Պետք է հաշվի առնենք, որ առաջին եռամսյակը տուրիստական տեսանկյունից ամենաակտիվ շրջանը չի»:
Վարչության պետը, ավելացրեց նաև, որ այս տարի Հայաստան եկած իրանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է, փոխարենը նվազել է ռուսների թիվը:
Panorama.am-ի զրուցակիցը չի կարծում, որ առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի նվազումը կազդի տարեկան ցուցանիշի վրա. «Այս տարի նախատեսել ենք զբոսաշրջիկների թվի 10 տոկոս աճ: Հաջորդ եռամսյակներում հույս ունենք, որ թե Ռուսաստանից, թե մյուս երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը կավելանա, որովհետև, տեսեք, Ռուսաստանում էլ կամաց-կամաց կայունանում է, բացի այդ էլ այլ շուկաների հետ աշխատում ենք»:
Ստացվում է, պե՞տք է աղոթենք, որ ռուսների ու իրանցիների ազգային արժույթը կայուն լինի, թե՞ դիվերսիֆիկացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում դիտարկմանն ի պատասխան նախարարության պաշտոնյան նկատեց. «Այ հենց դիվերսիֆիկացման մասին է խոսքը, բացի շուկաներից նաև մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման մասին է խոսքը, ինչի ուղղությամբ արդեն բավականին հաջողություններ ունենք, և զբոսաշրջային ակտիվ շրջանում հույս ունենք, որ դա արդեն կվերականգնվի: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է»"
Պաշտոնական թվերի համաձայն նախորդ տարի գրանցվել է զբոսաշրջիկների թվի 11.3 տոկոս աճ: Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 1 203 746 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3%-ով:
Նախորդող հրապարակում՝
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է